Հում նավթ և վառելիք տեղափոխող մոտավորապես 10 վենեսուելական տանկերներ ճեղքելով ԱՄՆ ձեռնարկած ծովային շրջափակումը՝ հատել են Վենեսուելայի տարածքային ջրերի սահմանը՝ ուղևորվելով դեպի Ասիա, ենթադրաբար՝ Չինաստան։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է իրանական IRNA լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով նավերի տեղաշարժին արբանյակային լուսանկարների միջոցով հետևող TankerTrackers.com մոնիթորինգային ծառայությանը:
Ընդգծվում է, որ բացահայտումից խուսափելու համար նավերը կիրառել են «ստվերային նավատորմի»-ն բնորոշ ստանդարտ մարտավարություն՝ նավահանգիստներից դուրս գալով անջատված տրանսպոնդերներով (AIS) և անտեսանելի դառնալով քաղաքացիական նավիգացիոն համակարգերի համար: Փորձագետների տվյալներով՝ ծով դուրս եկած բոլոր նավերը ներառված են ԱՄՆ ֆինանսների նախարարության պատժամիջոցների ցանկում:
Առնվազն չորս գերնավթատար նավեր նկատվել են Մարգարիտա կղզուց հյուսիս։ Նրանք ենթադրաբար ուղևորվում են դեպի Ասիա, մասնավորապես՝ Չինաստան:
Նշվում է, որ այս ճեղքումը խիստ կարևոր է Վենեսուելայի պետական նավթային ընկերության՝ PDVSA-ի համար: 2025 թվականի դեկտեմբերից, երբ ԱՄՆ-ն խստացրել էր Վենեսուելայի ծովային շրջափակումը, այդ երկրից նավթի արտահանումը գործնականում դադարեցվել էր: Դա հանգեցրել է ցամաքային պահեստարանների լցվելուն և ընկերությանը ստիպել է որպես լողացող պահեստարաններ օգտագործել նավթատարները։
Այսպիսով, նավթատարների ծով դուրս գալը հնարավորություն է տվել պահեստարաններում տեղ ազատել՝ նավթի արտահանումը շարունակելու և խստագույն ճնշման պայմաններում տնտեսության գործունեության ապահովմանն անհրաժեշտ արտարժույթ վաստակելու համար։









