Foto

Թրամփի վարչակազմը Վենեսուելայից պահանջել է դադարեցնել նավթի վաճառքը ԱՄՆ հակառակորդներին

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփն ակնկալում է, որ Վենեսուելայի ժամանակավոր նախագահ Դելսի Ռոդրիգեսը կձեռնարկի ամերիկյան շահերից բխող մի շարք գործողություններ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Politico-ն՝ վկայակոչելով տեղեկացված աղբյուրներին։

Ամերիկյան վարչակազմը համարում է, որ Ռոդրիգեսը պետք է կատարի առնվազն երեք քայլ՝ կասեցնի թմրանյութերի հոսքը, վտարի Վաշինգտոնի նկատմամբ թշնամաբար տրամադրված այլ երկրների կամ ցանցերի գործակալներին ու դադարեցնի նավթի վաճառքը ԱՄՆ հակառակորդներին։

ԱՄՆ-ում ակնկալում են նաև, որ Ռոդրիգեսը կնպաստի ազատ ընտրությունների անցկացմանն ու կհեռանա զբաղեցրած պաշտոնից։ Այս գործողությունների կատարման ժամկետները չեն հստակեցվել։

Սպիտակ տանը վստահ են, որ Ռոդրիգեսը կկատարի բոլոր պահանջները։ Թրամփի վարչակազմի ներկայացուցիչը լրատվամիջոցին հայտնել է, որ ԱՄՆ-ն ի վիճակի է ցանկալի հուն մղել Ռոդրիգեսի գործողությունները՝ նախքան նրանից ազատվելն ու առաջ շարժվելը։ Նշվում է, որ ԱՄՆ-ն ռազմականից բացի ունի Ռոդրիգեսի համագործակցությունն ապահովելու այլ տարբերակներ նույնպես, այդ թվում՝ պատժամիջոցների մեղմացումը և հիմնականում Դոհայում գտնվող նրա ֆինանսական միջոցներին հասանելիության ապահովումը։