«Բոկա Խունիորսը» համաձայնության է եկել երեք ֆուտբոլիստի վարձակալության հարցում, որոնք կարիերան կշարունակեն «Խիմնասիա դե Մենդոսայում»: Նրանց թվում է նաև Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Նորբերտո Բալեկյանը: Այս մասին տեղեկանում ենք armsport.am կայքից։
Բալեկյանը և թիմակիցները նոր ակումբին կմիանան մեկ տարի ժամկետով՝ 2026 թվականի մրցաշրջանում խաղային պրակտիկա ձեռք բերելու նպատակով: «Խիմնասիա դե Մենդոսան» այս տարի հանդես է գալու Արգենտինայի բարձրագույն խմբում՝ 2025-ին գրանցած հաջողությունից հետո:
Տեղափոխված խաղացողներից ամենափորձառուն հենց Բալեկյանն է: 28-ամյա եզրային հարձակվողը նախորդ մրցաշրջանը ևս վարձավճարով անցկացրել է մեկ այլ «Խիմնասիայում»՝ Լա Պլատայից, որտեղ մասնակցել է 30 պաշտոնական հանդիպման և դարձել մեկ գոլի հեղինակ:
Հիշեցնենք, որ Բալեկյանի տրանսֆերային իրավունքները պատկանում են «Բոկա Խունիորսին», ուր նա տեղափոխվել էր 2021 թվականին՝ մոտ 3 միլիոն եվրոյի դիմաց: «Քսենեյզեի» կազմում նա անցկացրել է 56 հանդիպում և դարձել 4 գոլի հեղինակ, նախքան 2024 թվականին վարձավճարով այլ ակումբ տեղափոխվելը:
Բալեկյանից բացի, Մենդոսա են տեղափոխվում նաև «Բոկայի» երիտասարդ տաղանդներ Վալենտինո Սիմոնին և Խուլիան Սեբալյոսը, ովքեր նույնպես կփորձեն ամրապնդվել Պրիմերայում:









