Քրիստոսի ուղենշած ճանապարհից խոտորվելն աշխարհը դարձնում է անարդարության, թշվառության ու դժբախտությունների թատերաբեմ, ընկղմում մոլորությունների խավարի մեջ, հանգեցնում անձնական ու հասարակական խեղման, արժեքների աղավաղման ու ոչնչացման, որոնց դրսևորումները տեսնում ենք նաև մեր իրականության մեջ, սուրբծննդյան պատարագից հետո իր ուղերձում ասաց Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն։
«Մեր Սուրբ եկեղեցին շարունակում է ենթարկվել բռնաճնշումների։ Այս իրավիճակը լուրջ հարված է մեր ազգի ու պետության հեղինակությանը և խորը վերք՝ հասցված համայնքներին ու հավատացյալներին։ Հակառակ անօրինական ու կանոնախախտ գործողությունների՝ մեր սուրբ եկեղեցին իր բարեպաշտ ժողովրդով ամուր է ու անսասան՝ հավատարիմ իր տերունաշնորհ կոչմանն ու առաքելությանը»,-հավելեց նա։









