Foto

Կրեմլը ուշադիր հետևում է Աբու Դաբիում ՌԴ և ԱՄՆ ներկայացուցիչների միջև շփումների վերաբերյալ հաղորդագրություններին. Պեսկով

Կրեմլը ուշադիր հետևում է Աբու Դաբիում Ռուսաստանի և ԱՄՆ ներկայացուցիչների միջև շփումների վերաբերյալ լրատվամիջոցների հաղորդագրություններին։ Սակայն այս առումով որևէ զարգացում չկա, լրագրողներին ասել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ ТАСС-ի փոխանցմամբ։

«Մենք դեռևս ոչինչ չունենք հաղորդելու նման շփումների մասին: Մենք հետևում ենք լրատվամիջոցների հաղորդագրություններին և ուշադիր վերլուծում դրանք», - նշել է Կրեմլի խոսնակը:

Պեսկովի խոսքով՝ Ռուսաստանի ղեկավարությունը հասկանում է, որ ամերիկացիների և ուկրաինացիների միջև բանակցությունները շարունակվում են։

«Մենք հասկանում ենք, որ հրապարակված տեքստում որոշ ճշգրտումներ են կատարվում։ Մենք հասկանում ենք, որ նախկինում մեր կողմից ոչ պաշտոնապես ստացված տեքստն այժմ փոփոխվել է», - հավելել է նա։

«Հավանաբար, կգա այն պահը, երբ կապ կհաստատվի նաև մեր և ամերիկացիների միջև և պաշտոնապես կստանանք որոշակի տեղեկատվություն: Առայժմ մենք այս առումով նորություններ չունենք», - ընդգծել է Պեսկովը։

Աղբյուրը՝ tert.am