Հոմսի հայ ընտանիքները «Լուրեր»-ի թղթակից Զարմիկ Պողիկյանին հայտնել են, որ քաղաքի իրավիճակը կայուն է, իսկ հարավային թաղամասերում անվտանգության ուժեր են տեղակայվել։
Կիրակի՝ 2025 թվականի նոյեմբերի 23-ի առավոտյան ժամերին, Հոմսի հարավային ծայրամասերից Զայթալ ավանում տղամարդ և կին են սպանվել։
Մի քանի ժամ անց քաղաքի հարավային թաղամասերում պարետային ժամ է հայտարարվել, և ներքին անվտանգության ուժեր են տեղակայվել՝ լարված իրավիճակը վերահսկելու և քաղաքի անվտանգությունն ապահովելու նպատակով։
SANA գործակալությունը հայտնել է, որ այժմ Հոմսի հարավային թաղամասերում իրավիճակը կայուն է, և անվտանգության ուժերն իրենց հնարավոր բոլոր միջոցները գործի են դնում՝ քաղաքի բնականոն վիճակը վերականգնելու համար։
Դեպքի վայրը մոտ է «Հայկական թաղամաս» կոչվող շրջանին, սակայն ներկայումս այնտեղ հայեր չեն բնակվում։ Այն այդպես է կոչվում, քանի որ Հայոց ցեղասպանությունից հետո այնտեղ մեծ թվով հայեր էին բնակվել, բայց արդեն տասնյակ տարիներ է, ինչ այդ թաղամասում հայեր չեն ապրում։ Մերձակա թաղամասերում կա մի քանի հայ ընտանիք։
Հոմսի հայ բնակիչներն ասել են, որ սպանությունը, տեղացիների խոսքով, եղել է աշիրեթների միջև ծագած ընտանեկան հարցի հետևանք։









