Foto

Հայտնի է, թե ՀՖՖ-ի անունից ովքեր կմասնակցեն Նիկիտա Սիմոնյանի հուղարկավորությանը

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի անունից լեգենդար ֆուտբոլիստի, ԽՍՀՄ հավաքականի կազմում օլիմպիական չեմպիոն, «Արարատի» նախկին գլխավոր մարզիչ Նիկիտա Սիմոնյանի հուղարկավորությանը կմասնակցեն երևանյան թիմի նախկին խաղացողներ Խորեն Հովհաննիսյանը և Սամվել Պետրոսյանը։ Այս մասին Match TV-ին տեղեկացրել են ՀՖՖ-ից։

Սիմոնյանի հոգեհանգիստը տեղի կունենա հինգշաբթի՝ նոյեմբերի 27-ին, Մոսկվայի «Սպարտակի» տնային մարզադաշտում։ Թիմի բոլոր ժամանակների լավագույն ռմբարկուն կհուղարկավորվի Վագանկովսկոյե գերեզմանատանը։

Սիմոնյանի գլխավորությամբ Երևանի «Արարատը» 1973 թվականին դարձել է ԽՍՀՄ չեմպիոն և նվաճել ԽՍՀՄ գավաթը։ Հովհաննիսյանն ու Պետրոսյանը խաղացել են «Արարատում» այն տարիներին, երբ Սիմոնյանը գլխավոր մարզիչն էր։

Բացի այդ, նա «Սպարտակի» կազմում դարձել է ԽՍՀՄ չորսակի չեմպիոն, երկու անգամ՝ ԽՍՀՄ գավաթակիր, և «կարմիր-սպիտակների» լավագույն ռմբարկուն՝ 160 գոլով։ ԽՍՀՄ հավաքականի հետ Մելբուռնում նվաճել է օլիմպիական ոսկե մեդալ։ Որպես մարզիչ՝ նա նվաճել է ԽՍՀՄ երեք առաջնություն և չորս գավաթ։ 1992 թվականից ի վեր զբաղեցնում էր Ռուսաստանի ֆուտբոլային միության առաջին փոխնախագահի պաշտոնը։

Ֆուտբոլում ունեցած մեծ ավանդի համար Սիմոնյանը պարգևատրվել է ՄՕԿ-ի և ՖԻՖԱ-ի շքանշաններով։