Foto

Գլխավոր դատախազը չի մասնակցի քաղբանտարկյալների հարցով ԱԺ լսումներին. «Ազատություն»

Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը չի մասնակցի քաղբանտարկյալների հարցով վաղը խորհրդարանում սպասվող լսումներին, «Ազատությանը» փոխանցեցին դատախազությունից:

Հարցին, թե որն է Աննա Վարդապետյանի այդ որոշման պատճառը, ասացին՝ աշխատանքային ծանրաբեռնվածությունը։

Խորհրդարանի երկու ընդդիմադիր խմբակցությունները՝ «Հայաստանն» ու «Պատիվ ունեմ»-ը, պնդում են՝ Հայաստանում քաղբանտարկյալներ կան, առաջարկում, որ Ազգային ժողովը հայտարարության նախագիծ ընդունի:

Մոտ երկու էջանոց փաստաթղթում, որ կներկայացվի նույն օրակարգով հրավիրած խորհրդարանական լսումներին, նշվում է՝ «Հայաստանում ժողովրդավարությունը հետընթաց է ապրում, և դրա դրսևորումն է նաև աննախադեպ թվով քաղբանտարկյալների առկայությունը»:

Նախագծում հղում է արվում ԵԽԽՎ 2012 թվականի բանաձևին: Ընդդիմադիրների կարծիքով՝ այս բանաձևով սահմանված չափանիշներով Հայաստանում մոտ վեց տասնյակ քաղբանտարկյալ կա:

Իշխանությունները համաձայն չեն այս գնահատականի հետ: ԱԺ հանձնաժողովի նիստին նրանք, հիմնականում միջազգային կառույցներին հղում անելով, պնդել են, որ չկա այնպիսի մի կառույցից տրված անաչառ գնահատական, որում արձանագրված է՝ Հայաստանում կան քաղբանտարկյալներ: