Foto

Խաղաղության համաձայնագիրը Հարավային Կովկասի ապագայի համար մեծ կարևորություն ունի․ Կավելաշվիլի

Վաշինգտոնում օգոստոսի 8-ին Հայաստանի ու Ադրբեջանի միջև նախաստորագրված խաղաղության համաձայնագիրը նշանակալի քայլ է Հարավային Կովկասում շարունակական խաղաղության և կայուն միջավայրի ձևավորման տեսանկյունից:

«Արմենպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ այս մասին Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ Թբիլիսիում կայացած համատեղ ասուլիսի ընթացքում հայտարարեց Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլին:

Վրաստանի նախագահի խոսքով՝ Հայաստանի նախագահի հետ հանդիպմանը ժամանակ ինքը նշել է, որ արագ փոփոխվող աշխարհակարգում Հարավային Կովկասում խաղաղության ու կայունության պահպանումն ավելի մեծ կարևորություն է ստանում:

«Ցանկանում եմ ընդգծել, որ շարունակական խաղաղության և կայուն միջավայրի առումով նշանակալի քայլ է օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Հայաստանի ու Ադրբեջանի նախաստորագրած խաղաղության համաձայնագիրը, ինչը, բնականաբար, միանշանակ ողջունում եմ: Այս պատմական իրադարձությունը Հարավային Կովկասի ապագայի համար մեծ կարևորություն ունի»,-ընդգծեց Վրաստանի նախագահը:

Նա շեշտեց, որ Թբիլիսին պատրաստ է իր ներդրումն ունենալ տարածաշրջանում խաղաղության և կայունության ամրապնդման գործում:

ՀՀ նախագահը պաշտոնական այցով Վրաստանում է նոյեմբերի 19-ից 20-ը: Այցի շրջանակում ՀՀ նախագահը նաև հանդիպումներ կունենա Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի և խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլիի հետ:

Հայաստանն ու Ադրբեջանն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ներկայությամբ օգոստոսի 8-ին Վաշինգտոնում նախաստորագրել են խաղաղության համաձայնագիրը։