Բաքվի բանտում պահվող Վիգեն Էուլջեքչյանի վիճակը կտրուկ վատացել է։ Այս մասին հայտնել են նրա կինը՝ Լինդա Էուլջեքչյանը, և փաստաբան Լուսիանա Մինասյանը։
Փաստաբանը հայտարարություն է հրապարակել X սոցիալական ցանցում՝ նշելով, որ 45–օրյա ընդմիջումից հետո Վիգեն Էուլջեքչյանը նոյեմբերի 16-ին զանգահարել է իր ընտանիքին և կարճ զրույց ունեցել։
Զրույցի ընթացքում Վիգենը հայտնել է, որ իր ֆիզիկական վիճակը կտրուկ վատացել է. չի կարողանում քայլել և կարիք ունի անվասայլակի, որը չի տրամադրվել։
«Նրան տարել են բժշկի մոտ, բայց նա դեղորայք չի ստանում։ Չնայած իր վիճակին` նրան որևէ բուժում կամ իրավական պաշտպանության միջոցներ չեն նշանակվել։ Նա մնում է առանց բժշկական օգնության՝ մարդասիրական տարրական նորմերի խախտմամբ», – նշել է փաստաբանը։
MediaHub-ը կապ հաստատեց Վիգեն Էուլջեքչյանի հարազատների հետ, ովքեր հաստատեցին տեղեկությունը։ «Վիգենի առողջական վիճակը շատ վատ է, գերիները շաբաթական մեկ անգամ ունեն հնարավորություն խոսելու հարազատների հետ, Վիգենը այսքան ժամանակ այսքան չէր բողոքել, ինչպես վերջին զանգի ընթացքում։ Իր կապը պահպանում է իր կնոջ հետ, Վիգենը նշել է, որ առողջական վիճակը շատ վատ է, սնունդ տալիս են միայն քաղցր թեյ և մի կտոր հաց, դեղորայք չեն տալիս, բուժզննում ընդհանրապես չկա»,- MediaHub-ի հետ զրույցում նշեց Վիգենի հարազատ Լևոն Շանթ Զոհրաբյանը։
«Վիգենին ոչ մեկ չի այցելում, Կարմիր խաչը չկա, նա հոգեկան ծանր վիճակում է»,- մեզ հետ զրույցում նշեցին իր հարազատները։
Վիգենի հարազատները խորը հիասթափություն ունեն ՀՀ կառավարության նկատմամբ, քանի որ «իր նկատմամբ ոչ մի քայլ չի ձեռնարկվում»։ «Վիգենը այնտեղ պատանդ է, զոհ է, կարող է ավելի լուրջ խնդրի առաջ կանգնենք այլ հայ գերիների մասով»,- ասացին նրանք։
Նշենք, որ Վիգեն Էուլջեքչյանի կինը ամուսնու գերության մեջ հայտնվելուց հետո երկու տարի պայքարում էր ՀՀ-ում, որ վերադարձնեն ամուսնուն, սակայն, արդյունքներ չտեսնելով՝ տեղափոխվել է Լիբանան։









