Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը նոյեմբերի 15-ին աշխատանքային հանդիպում է ունեցել Հայաստանի տեղեկատվական համակարգերի գործակալության ներկայացուցիչների հետ։
Արփինե Սարգսյանը կարևորել է նախարարության և գործակալության համատեղ աշխատանքը և ընդհանուր նպատակներին միտված քայլերի արդյունավետությունը՝ ընդգծելով, որ արդյունքում հնարավոր է եղել բալանսավորված ձևով սինքրոնիզացնել բոլոր մոտեցումներն ու գտնել ճիշտ լուծումներ։
Արձանագրելով թվայնացման գործընթացում իրականացվող բարեփոխումների դրական դինամիկան՝ նախարարը նշել է, որ քաղաքացիներից ստացվող արձագանքները վկայում են հաշվառման-քննական ստորաբաժանումներում նորարարական լուծումների արդյունավետության մասին։
Նախարար Սարգսյանը հատկապես կարևորել է բիոմետրիկ համակարգի ներդրման գործընթացը և վստահություն հայտնել, որ նախատեսված ժամկետներում այն կյանքի կկոչվի՝ դառնալով իրականացված կարևորագույն բարեփոխումներից մեկը։
ՆԳ նախարարը շնորհակալություն է հայտնել գործակալության տնօրեն Ներսես Երիցյանին և թիմին՝ նախարարության հետ սերտ համագործակցության համար։
Նախարարի խոսքով՝ թվայնացումը ոչ թե հաստիքների կրճատման, այլ հանրային ծառայությունների մատչելիության, հասանելիության ու մատուցման նոր որակի մասին է։
Քննարկվել են նաև թվայնացման ոլորտին առնչվող մի շարք հարցեր, հասցեագրվել ու սահմանվել են ներդրվող ծրագրային ուղղություններն ու հստակեցվել իրականացման ժամկետները։
Ավարտին ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը բարձր գնահատելով համագործակցությունը՝ պարգևատրել է Հայաստանի տեղեկատվական համակարգերի գործակալության ներկայացուցիչներին։