ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ Թադևոս Ավետիսյանի հոդվածը.
Հաջորդ տարի ավարտվում է այս կառավարության հնգամյա ծրագրի ժամկետը։ Այլևս արձանագրված փաստ է․ սոցիալ-տնտեսական ոլորտին վերաբերող առանցքային խոստումները կատարված չեն։ Սոցիալական խոստումները վերաբերում են կենսաթոշակառուներին, նպաստառուներին, աշխատող աղքատներին, աղքատներին ու ծայրահեղ աղքատներին։
Գալով իշխանության՝ խոստացել էին աղքատության մակարդակի կրկնակի կրճատում, ծայրահեղ աղքատության վերացում, ի վերջո՝ համատարած երջանկություն և այլ հեքիաթներ։
Կառավարության 2021-2026 թվականների ծրագրով էլ խոստանում էին մինչև 2026 թվականը նվազագույն կենսաթոշակի չափը հասցնել պարենային զամբյուղի արժեքին, միջին կենսաթոշակի չափը՝ նվազագույն սպառողական զամբյուղի արժեքին, նվազագույն աշխատավարձը՝ դարձնել 85 հազար դրամ։
Նախ արձանագրենք․ 2018 թվականի 1-ին եռամսյակի համեմատ 2025 թվականի 1-ին եռամսյակում մեկ անձի նվազագույն սպառողական զամբյուղի ամսական արժեքն աճել է շուրջ 17 հազար դրամով, իսկ կենսաթոշակի միջին ամսական չափը՝ շուրջ 9 հազար դրամով, անապահով մեկ ընտանիքի նպաստի միջին ամսական չափը՝ 3-4 հազար դրամով։
Ի դեպ, պետական պարտքն ավելի քան կրկնապատկվել է՝ աճելով շուրջ 7 միլիարդ ԱՄՆ դոլարով։
Փաստորեն, նախորդ 7 տարիներին այս իշխանության օրոք բոլորիս պետական պարտքը աճել է տարեկան շուրջ 1 միլիարդ ԱՄՆ դոլարով, որի հետևանքով պետական բյուջեի տարեկան եկամուտների մոտ 12 տոկոսը (1 միլիարդ ԱՄՆ դոլարից ավելի չափով) ուղղվում է թռիչքաձև աճող այս պարտքը սպասարկելուն՝ աճող տոկոսները մարելուն։ Իսկ բնակչության շուրջ 40 տոկոսը կազմող սոցիալապես խոցելի խմբերի անձանց կյանքը շարունակաբար վատանում է, քանի որ չեն կատարվում սոցիալական խոստումները, որի հետևանքով այս անձանց իրական եկամուտները շարունակաբար նվազում են։
2018 թվականին աղքատության մակարդակը կազմել է 23,5 տոկոս, ծայրահեղ աղքատության մակարդակը՝ 1 տոկոս, իսկ 2023 թվականին հրապարակված վերջին տվյալներով այս ցուցանիշները կրկնակի կրճատման և զրոյացման փոխարեն աճել են՝ կազմելով համապատասխանաբար 23,7 տոկոս և 1,1 տոկոս։
2025 թվականի առաջին կիսամյակում կենսաթոշակի միջին ամսական չափը դարձել է 49000 դրամ, մեկ ընտանիքի նպաստի միջին ամսական չափը՝ 33350։
Ի դեպ, նոր նշանակված կենսաթոշակների միջին չափը գնալով նվազում է՝ աշխատանքային ստաժերի կրճատմանը զուգահեռ։ 2024 թվականին այն կազմել է շուրջ 43 հազար դրամ։ Ավելին՝ կենսաթոշակառուների շուրջ 35 տոկոսը աղքատ են կամ ծայրահեղ աղքատ։
Մինչև 10 տարվա աշխատանքային ստաժ ունեցող շուրջ 100 հազար քաղաքացիներ էլ ստանում են ծերության կամ հաշմանդամության նպաստ, որը միջինում կազմում է 36500 դրամ։
Այսինքն՝ իրենց ծրագրային խոստումը կատարելու համար այս կառավարությունը հաջորդ տարի միջին կենսաթոշակի չափը պիտի բարձրացներ 30-35 հազար դրամով։ Նվազագույն կենսաթոշակի չափն էլ պիտի բարձրացներ 7-8 հազար դրամով, քանի որ պարենային զամբյուղի արժեքը այս տարվա կեսին դարձել է 44152 դրամ։
Իսկ իրականում չկատարված սոցիալական խոստումները քողարկելու նպատակով հաջորդ տարի նախատեսված է կենսաթոշակի անկանխիկ վճարումներից հետվճարի առավելագույն չափը բարձրացնել լավագույն դեպքում ընդամենը 4000 դրամով։ Թոշակի միջին չափը 1000 դրամով էլ կարող է ավելանալ, եթե 2 տոկոս հետվճարի իրենց ընդհանուր խոստումը կատարեն։ Ի դեպ, հետվճար չի կատարվում հիմնական ծախս հանդիսացող կոմունալ վճարումներից։ Հաջորդը՝ նպաստառուների և կենսաթոշակառուների գրեթե կեսը փաստացի չեն օգտվում այս հետվճարից։
Ավելին՝ աղքատության մակարդակը գրեթե անփոփոխ է, իսկ միայն 2024 թվականին անապահովության նպաստառու ընտանիքների թիվը կրճատվել է շուրջ 11 տոկոսով։ Անապահովության նպաստ ստացող ընտանիքների թիվը այս իշխանության օրոք իրականացված տարբեր խստացումների հետևանքով, ընդհանուր առմամբ, նվազել է շուրջ 40 տոկոսով՝ դառնալով 60752 ընտանիք, որոնց 65 տոկոսում ապրում են նաև երեխաներ։
Փաստորեն, նվազում է սոցիալական աջակցության հասցեականությունը։
Նվազագույն աշխատավարձ ստացողներն էլ աշխատող աղքատ են, քանի որ դրա չափը պակաս է նույնիսկ մեկ անձի նվազագույն սպառողական զամբյուղի արժեքից։
Ըստ խոստման, նվազագույն աշխատավարձն էլ հաջորդ տարի պիտի բարձրանար 10 հազար դրամով։ 2026 թվականի պետական բյուջեի նախագծում այս բարձրացումը ևս նախատեսված չէ։
Խիստ մտահոգիչ են նաև ժողովրդագրական բացասական միտումները այս իշխանության կառավարման անցնող 7 տարիներին և հիմնականում հետևանքն են վարվող հակասոցիալական քաղաքականության:
Հիմնականում սոցիալական պատճառներով է արձանագրվել ամուսնությունների թվի կտրուկ նվազում և ամուսնալուծությունների թվի աճ, մահացության, այդ թվում՝ մանկամահացության ցուցանիշների աճ, բնականաբար նաև՝ ծնվածների թվաքանակի նվազում և արտագաղթը բնութագրող ցուցանիշի աճ։
Մասնավորապես, 2025 թվականի հունվար-օգոստոսին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, բնակչության կենսունակության գործակիցը` ծնվածների և մահացածների թվաքանակի հարաբերակցությունը, նվազել է 9 տոկոսային կետով,
բնական հավելաճը` ծնվածների և մահացածների թվաքանակի տարբերությունը, նվազել է 32 տոկոսով, ծնվածների թվաքանակը նվազել է շուրջ 1400-ով, մահացածների թվաքանակը աճել է շուրջ 140-ով, ամուսնությունների թիվը նվազել է 14 տոկոսով, իսկ ամուսնալուծությունների թիվն աճել է շուրջ 5 տոկոսով, 0-4 տարեկան երեխաների մահվան դեպքերն աճել են շուրջ 10 տոկոսով,
ՀՀ քաղաքացիների արտագաղթը բնութագրող ցուցանիշը՝ ՀՀ-ից մեկնումների թիվը շուրջ 5210-ով գերազանցել է ՀՀ ժամանումների թվին։
Խոստացել էին նաև առնվազն 7 տոկոսանոց տնտեսական աճ, տնտեսական կառուցվածքի բարելավում, արտաքին տնտեսական հարաբերությունների դիվերսիֆիկացիա՝ մեկ երկրից տնտեսական կախվածության թուլացում, միլիարդավոր ԱՄՆ դոլարի օտարերկրյա ներդրումներ։
2017 թվականին տնտեսական աճը 7,5 տոկոս էր, իսկ 2018-2024 թվականներին տնտեսական աճի տարեկան միջին ցուցանիշը կազմել է մոտ 5,5 տոկոս՝ 2 տոկոսային կետով պակաս։
2022-2024 թվականների երկնիշին մոտ տնտեսական միջին տարեկան աճի շուրջ 2/3-րդ մասը, փորձագիտական տարբեր գնահատումներով, բաժին է ընկնում արտաքին դրական գործոններին՝ ռուս-ուկրաինական պատերազմով պայմանավորված։ Այս գործոնի ազդեցության նվազմանը զուգընթաց՝ կրճատվել է տնտեսական աճի տեմպը՝ 2022 թվականի 12,6 տոկոսից 2024 թվականին դառնալով 5,9 տոկոս:
Ընդ որում, նույն արտաքին գործոնի բացասական ազդեցությամբ (COVID-19 համավարակ, համաշխարհային տնտեսության անկում) 2020 թվականին, մինչև 44-օրյա պատերազմը ՀՀ տնտեսական անկումը (-6,6 տոկոս) երկու անգամ գերազանցում էր տարածաշրջանի երկրների տնտեսական անկման միջին ցուցանիշը, իսկ 2021 թվականին տարածաշրջանի 6 երկրներից միայն մեր երկիրը չկարողացավ վերականգնել նախորդ տարվա անկումը։
Տնտեսական կառուցվածքի բարելավման, իրական հատվածի առաջանցիկ զարգացման փոխարեն ավելանում են խնդիրները․ գյուղատնտեսությունը «ազատ անկման» մեջ է, իսկ արդյունաբերության ոլորտն այս տարվա հունվար-սեպտեմբերին կրճատվել է 6 տոկոսով։
Արտաքին տնտեսական դիվերսիֆիկացիայի փոխարեն՝ 2024 թվականին ևս էապես խորացել է մեկ երկրից տնտեսական կախվածությունը․ ՌԴ-ի հետ արտաքին առևտրաշրջանառությունը 2024 թվականին շարունակել է թռիչքաձև աճը՝ նախորդ տարվա համեմատ 57 տոկոսով, իսկ տեսակարար կշիռը, ավելանալով, դարձել է 41,1 տոկոս, միևնույն ժամանակ՝ ԵՄ անդամ երկրների հետ արտաքին առևտրաշրջանառությունը նվազել է շուրջ 12 տոկոսով, իսկ տեսակարար կշիռը նվազելով՝ դարձել է ընդամենը 7,7 տոկոս։
Միլիարդավոր դոլարի օտարերկրյա ներդրումներ ներգրավելու խոստումների փոխարեն 2024 թվականին ևս արձանագրվել է օտարերկրյա կապիտալի «փախուստ» տնտեսության իրական հատվածից, մասնավորապես՝ ընդհանուր օտարերկրյա ներդրումների զուտ ներհոսքը եղել է բացասական՝ – 291 միլիոն ԱՄՆ դոլար, իսկ 2025 թվականի առաջին կիսամյակում, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, օտարերկրյա ներդրումների զուտ ներհոսքը նվազել է շուրջ 155 միլիոն ԱՄՆ դոլարով։
«Հարկատուն հերոս է», «նպաստից դեպի աշխատանք» կարգախոսերի ներքո իրականում կեղեքում են ՓՄՁ սուբյեկտներին՝ հարկային տեռորի գործադրումներով, «տուգանքի մատերիալ» դիտարկելով և հարկային բեռը կրկնապատկելով, հարկային առկա օբյեկտիվ արտոնությունները վերացնելով։ Հետևանքներն էլ չեն ուշանում։
2020 թվականին էլ վերացրեցին եկամտահարկի սոցիալական բաղադրիչը՝ նույն դրույքաչափը սահմանելով և՛ աշխատող աղքատների համար, և՛ ամսական միլոնավոր դրամի եկամուտ ստացողների համար։ Եվ սա այն դեպքում, երբ աշխատողների շուրջ 1/4-րդ մասն աղքատ են։
Ակնհայտ է՝ խորանում է եկամուտների անարդար բաշխումը, ավելանում են սոցիալական խնդիրները, ինչն արդարացիորեն առաջացնում է ցածր եկամուտ ունեցողների բողոքը՝ ավելացող դրսևորումներով։
Ամփոփելով՝ նախորդ չորս տարիներին պարբերաբար խաբելուց և իրենց խոստման կատարումը հետաձգելուց հետո այլևս ակնհայտ դարձավ․ծրագրային խոստումները չեն կատարվել, քանի որ դրանց կատարմանն ուղղված փոփոխություններ նախատեսված չեն նաև այս կառավարության հաստատած վերջին՝ 2026 թվականի պետական բյուջեի նախագծում։
Պարզ հարց է առաջանում․ եթե անցնող հինգ տարիներին ձեր կանխատեսած տնտեսական միջին տարեկան աճը արձանագրվել է, պետական բյուջեի եկամուտները ծրագրվածի չափով հավաքագրվել են, իսկ պետական պարքն էլ ձեր ծրագրածից էլ ավելի է աճել, ապա ինչու՞ չեք կատարում ձեր սոցիալական խոստումները՝ խոստացած չափով չեք բարձրացնում նվազագույն և միջին կենսաթոշակների, անապահովության նպաստների, նվազագույն աշխատավարձի չափերը։
Պատասխանը պարզ է․ ձեր խոստումներն ի սկզբանե սուտ էին, իսկ ձեր առաջնորդությունը՝ անպատասխանատու և անսահման պոպուլիստական»։









