Foto

Հայաստանի և Մալայզիայի հարաբերությունները զարգացման մեծ ներուժ ունեն. Խաչատուրյան

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Մալայզիայի դեսպան Դաթո Չոնգ Լուն-Լայը։

Նախագահը շնորհավորել է դեսպանին՝ նշելով, որ Հայաստանի և Մալայզիայի հարաբերությունները բարեկամական են և ունեն զարգացման մեծ ներուժ։ «Մենք կարևորում ենք Մալայզիայի հետ հարաբերությունները։ Հուսով եմ, որ Ձեր նշանակմամբ մեր երկկողմ համագործակցությունն առավել կակտիվանա»,- նշել է նախագահ Խաչատուրյանը։

Դեսպան Դաթո Չոնգ Լուն-Լայը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար՝ ընդգծելով. «Շնորհակալություն, պարոն նախագահ, ընդունելության և այս կարևոր հնարավորության համար։ Մենք խորապես գնահատում ենք Ձեր երկրում մեզ ցուցաբերված ջերմ ընդունելությունն ու հյուրընկալությունը»։

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են երկու երկրների հարաբերությունների ներկա վիճակին և դրանց զարգացման հնարավորություններին։ Քննարկվել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում՝ հատկապես բարձր տեխնոլոգիաների, տեղեկատվական տեխնոլոգիաների և այլ բնագավառներում համագործակցությունը խորացնելու ուղիները։

Կողմերը շեշտել են նաև զբոսաշրջության և մշակութային փոխգործակցության ընդլայնման կարևորությունը՝ այդ ոլորտները դիտարկելով որպես ժողովուրդների մերձեցման և փոխըմբռնման ամրապնդման հիմնասյուներ։

Անդրադարձ է կատարվել երկու երկրների միջև քաղաքական բարձր մակարդակի շփումների ակտիվացման կարևորությանը, ինչը կնպաստի տարբեր ուղղություններով համագործակցության սերտացման:

Հանդիպմանը մտքեր են փոխանակվել 2026-ին Հայաստանում կայանալիք COP17 ՄԱԿ-ի Կենսաբազմազանության համաժողովի անցկացման վերաբերյալ:

Զրույցի ընթացքում ընդգծվել է միջազգային հարթակներում և տարբեր ձևաչափերում գործակցության խթանումը: