Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել Ներքին գործերի նախարարության Ոստիկանության գվարդիայի գործարկման արարողությանը:
Վարչապետը Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանի ուղեկցությամբ նախ ծանոթացել է Ոստիկանության գվարդիայի տեխնիկական միջոցներին, միջազգային ստանդարտներին համապատասխանող նոր սպառազինությանը:
Միջոցառմանը ներկա են եղել նաև օրենսդիր և գործադիր մարմինների ներկայացուցիչներ, Հայաստանում հավատարմագրված դեսպաններ:
Վարչապետը շնորհավորել է ներկաներին և շնորհակալություն հայտնել գվարդիայի ծառայողներին մինչև այժմ իրենց իրականացրած ծառայության համար. «Մեր խոնարհումը Ոստիկանության զորքերի բոլոր այն ծառայողներին, ովքեր ընկել են հանուն Հայրենիքի։ Այսօր մենք բոլորովին նոր ծառայության հիմք ենք դնում, և սա կարևոր շեշտադրում է: Այսինքն՝ մենք ոչ թե Ոստիկանության զորքերը վերափոխում ենք Ոստիկանության գվարդիայի, այլ այսօր ստեղծել ենք Ոստիկանության գվարդիա: Իհարկե, անցած ճանապարհը և պատմությունը մեզ հետ է, մեզ համար արժեք է, բայց այսօրվանից մենք պատմության նոր էջ ենք բացում և մեր ակնկալիքն է, որ Ոստիկանության գվարդիան կլինի որակական նոր ծառայություն և՛ Հայաստանի Հանրապետության, և՛ քաղաքացիների, և՛ հենց իրենց ծառայողների համար: Եվ, իհարկե, սա կարևոր մի փուլ է Ոստիկանության, Ներքին գործերի նախարարության համակարգի բարեփոխումների համար:
Ուզում եմ ընդգծել այն, որ այս ընթացքում մեր բարեփոխումների փորձը մեզ ցույց է տալիս, որ բարեփոխումներն ամփոփելու և ավարտելու մասին բոլոր մտածումները և պատկերացումներն անպատեհ են, որովհետև բարեփոխումը մի բան է, որ երբեք չի ավարտվում, որովհետև այն պահին, երբ արձանագրենք, որ բարեփոխումն ավարտել ենք, նշանակում է՝ սկսել ենք հետընթացը»։ Նիկոլ Փաշինյանի խոսքով, անհրաժեշտ է այս տրամադրվածությամբ սկսել Ոստիկանության գվարդիայի ծառայությունը, աշխատանքը՝ հաշվի առնելով, որ բարեփոխումն անընդհատ պրոցես է և անհրաժեշտ է ժամանակ առ ժամանակ կանգ առնել, նայել, ամփոփել արվածը և պլանավորել, վերապլանավորել, վերանայել ռազմավարությունները:
Երկրի ղեկավարը նշել է՝ բարեփոխումների ճանապարհի հաջող ընթացքի մասին է վկայում այն, որ բացահայտվում են նոր շերտեր, նոր նրբություններ, նոր տեսարաններ, որոնք մինչ այդ տեսանելի չէին և անծանոթ էին:
Այս առումով, վարչապետն ընդգծել է, որ այսօր Ներքին գործերի նախարարությունում, Ոստիկանության ծառայությունում, ընդհանրապես Հայաստանի Հանրապետության կյանքում, բոլորի համար նոր տեսարաններ են բացվում։ «Երբեմն այդ տեսարանները մեզ համար զարմանալի են, երբեմն այդ տեսարանները մեզ համար նոր օրակարգեր են բերում, բայց երբեմն մենք սկսում ենք տարակուսել՝ ինչքանով կկարողանանք սպասարկել այդ օրակարգերը, որովհետև դրանք մեծ և անսպասելի օրակարգեր են: Բայց եթե մենք տեսնում ենք այդ տեսարանը, նշանակում է, որ առաջացել ենք, այսինքն՝ շրջադարձի գագաթը հատել ենք և գտնվում ենք բոլորովին ուրիշ ճանապարհի վրա: Եվ մեր ճանապարհը շարունակվում է, և այդ ճանապարհին ինչքան նոր տեսարաններ տեսնենք, նշանակում է՝ այնքան առաջ ենք ընթացել այդ ճանապարհին»։
Կրկին շնորհակալություն հայտնելով Ոստիկանության գվարդիայի ծառայողներին նախընթաց շրջանում ծառայության համար՝ վարչապետը հաջողություն է մաղթել բոլորին և նշել. «Թող Ոստիկանության գվարդիայում ծառայելն ամեն ամսվա հետ լինի ավելի պատվաբեր, ամեն ամսվա հետ լինի ավելի հարմարավետ, շարունակեն զարգանալ ընդհանրապես Ոստիկանության և Ոստիկանության գվարդիայի ծառայողների սոցիալական երաշխիքները, որպեսզի Ոստիկանության գվարդիայի ծառայողն իմանա, որ իր ծառայության դիմաց վարձատրվում է համարժեք: Եվ մենք այս գործընթացը զարգացնելու ենք՝ փոխկապակցված յուրաքանչյուրի անհատական, ծառայողական, մասնագիտական որակների հետ։ Եվ դա ճանապարհ է, որն անցնում ենք և որը մենք պետք է անցնենք միասին:
Ուզում եմ մեզ բոլորիս մաղթել, որ այդ ճանապարհին ավելի նոր և հաճելի տեսարաններ տեսնենք, ինչը կնշանակի, որ մենք առաջ ենք ընթանում, զարգանում ենք, անցնում ենք այն ճանապարհը, որը պարտավոր ենք անցնել հանուն Հայաստանի Հանրապետության»:









