Foto

«Թուրքիան Հարավային Կովկասում աջակցում է ներառական հարթակների միջոցով նորմալացմանը»․ Ֆիդան

Թուրքիան Հարավային Կովկասում նպաստում է նորմալացմանը՝ ներառական հարթակների միջոցով։ Այս մասին Ստամբուլում կայացած միջոցառման ժամանակ իր ելույթում հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը։

Նրա խոսքով՝ «տարածաշրջանային դերակատարները վստահություն, լեգիտիմություն և շարունակականություն են ստեղծում, երբ իրատեսական նախաձեռնություններ են մշակում»։

«Թուրքիան այս սկզբունքը գործնականում կիրառում է մեր հարևան տարածաշրջաններում։ Օրինակ, Բալկաններում մենք աջակցում ենք հարևանների միջև հաշտեցմանը և երկխոսությանը՝ եռակողմ և բազմակողմ մեխանիզմների, ինչպես նաև միջնորդական ջանքերի միջոցով»։

Ֆիդանն ասել է, որ Հարավային Կովկասում Թուրքիան «նպաստում է նորմալացմանը, փոխգործակցությանը և տարածաշրջանային համագործակցությանը՝ ներառական հարթակների միջոցով», Մերձավոր Արևելքում այն ուղղակիորեն փոխգործակցում է գործընկերների հետ՝ անվտանգության և մարդասիրական խնդիրները լուծելու համար, իսկ «Թյուրքական պետությունների կազմակերպության համատեքստում այն խորացնում է ինստիտուցիոնալ համագործակցությունը ընդհանուր պատմությամբ և աշխարհագրությամբ կապված երկրների միջև»։