Foto

Արման Աբովյան․ «Իշխանությունը հրաժարվում է ՀՀ քաղաքացիների և հայ ժողովրդի իրավունքների պաշտպանությունից»

Քաղաքական մեկնաբան Արման Աբովյանը հիշեցնում է գործող իշխանությանը՝ ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու իրավունքների ու շահերի պաշտպանությունը ՀՀ իշխանության գործառույթն է։


«Հայաստանի այսօրվա իշխանությունն ինչպես է պատկերացնում խաղաղությունն Ադրբեջանի հետ, եթե հրաժարվում է արցախցիների իրավունքների ու շահերի պաշտպանությունից, չի երաշխավորում նրանց անվտանգ վերադարձը Արցախ։ Հետևաբար, սա նշանակում է, իշխանությունները չեն կարող երաշխավորել ՀՀ քաղաքացու և ընդհանրապես հայազգի քաղաքացիների անվտանգությունը ոչ միայն Հայաստանի սահմաններից դուրս, այլ նաև Հայաստանի տարածքում։ Այս դեպքում, ինչպես են վերադարձնելու Ադրբեջանի՝ Հայաստանի օկուպացված տարածքները», - «Փաստինֆո»-ի հետ զրույցում շեշտեց Արման Աբովյանը։

Արման Աբովյանը նկատեց նաև, որ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը վարում է Հայաստանի ու հայ ինքնության հրաժարման քաղաքականություն, որը զարմանալիորեն համընկում է Թուրքիայի ու Ադրբեջանի տեսլականին, հետևաբար այլ ակնկալիքներ ունենալը իրատեսական չէ։

Հիշեցնենք, որ  Եվրանեսթի բանաձևում արցախցիների անվտանգ վերադարձի պայմաններ ապահովելու պահանջ Ադրբեջանին ներկայացնելու առաջարկին գործող իշխանությունները դեմ են եղել, ինչով պայմանավորված մի քանի եվրոպացի եւս չէր միացել նախագծին։ Տեղի ունեցածը մեկնաբանելով  ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարել էր, թե անիրատեսական է արցախցիների վերադարձը։ «Ուզում եմ հասկանալ, ո՞վ է պատրաստ ապահովել էդ մարդկանց հետ վերադարձը, անվտանգությունը»,- ասել էր ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։ Եւ սա այն դեպքում, երբ հենց իշխանությունն  է համարում, որ Ադրբեջանի հետ խաղաղություն է ու պետք է պատրաստ լինել փոխադարձ այցերի։ Ասել է թե՝ Ալեն Սիմոնյանն էլ չի հավատում իր ասած խաղաղությանը։

Աղբյուր՝ Փաստինֆո