Այսօր՝ հոկտեմբերի 30-ին, ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության համայնքային ու քրեական ոստիկանության, պարեկային ծառայության, ՀՀ պաշտպանության նախարարության N զորամասի ծառայողների, կամավորների և Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության և Սևանի քննչական բաժնի քննիչների, Ճամբարակ խոշորացված համայնքի Ծափաթաղ և հարակից գյուղերի բնակիչները կամավորների հետ շարունակում են 3-ամյա Տիգրանի որոնողական աշխատանքները:
Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վաղ առավոտից վերսկսվել են որոնողական աշխատանքները և փրկարարները, այդ թվում՝ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի հատուկ փրկարարները, փրկարար ծառայության և ոստիկանության կինոլոգները որոնողական աշխատանքները շարունակում են Ծափաթաղ գյուղի դիմաց՝ Սևանա լճի հարակից մի քանի կմ-անոց հատվածներում:
Այս պահին դեռևս դրական ոչ մի արդյունք չկա երեխայի հայտնաբերման ուղղությամբ։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 27-ին`ժամը 18:00-ի սահմաններում, ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում է ստացվել՝ Գեղարքունիքի մարզի Ծափաթաղ գյուղի բնակիչ 2022 թվականին ծնված Տիգրան Օվանեսովը ժամը 16:30-ի սահմաններում կորել է։
ՆԳՆ Ոստիկանությունը և Փրկարար ծառայությունը ձեռնարկում են որոնողական ծավալուն աշխատանքներ։









