Երբ խոսում ենք խաղաղության ինստիտուցիոնալացումից, բարիդրացիական հարաբերությունների հաստատումից, պետք է նշենք նաև, որ այնուամենայնիվ կան հարցեր, որոնք այս պահի դրությամբ լուծված չեն, դժվարությամբ են լուծվում կամ գնահատվում են որպես առավել դժվար լուծելի: Այս մասին ԱԳՆ-ի 2026 թվականի բյուջեի օրինագիծը ներկայացնելիս ասել է նախարար Արարատ Միրզոյանը:
«Այստեղ մենք անպայմանորեն պետք է նշենք Բաքվում պահվող պատանդառված անձանց, գերիների ազատարձակման հարցը, մյուս հումանիտար հարցերի կողքին, ինչպես, օրինակ, անհետ կորած համարվող անձանց ճակատագրի պարզաբանումը և այլն: Կան բազմաթիվ այլ հարցեր և եթե հարցնեք իմ մասնավոր դիրքորոշումը այս մասին, այնուամենայնիվ մեծ խոչընդոտ է, որը դեռ հետք է, կոնֆլիկտի բնական հետքը, որի հարթման ուղղությամբ դեռ ջանքեր պետք է գործադրվեն»,-նշել է նա:
Միրզոյանը հավելել է, որ դրանք երկու հասարակություններում միմյանց նկատմամբ գոյություն ունեցող անվստահության դրսևորումներն են, որը կրկին օբյեկտիվ է, հաշվի առնելով նաև թշնամանքի և արյան պատմությունը, որը կա երկու երկրների միջև:
«Հավատալով Հայաստանի Հանրապետության շուրջ խաղաղ, համագործակցային միջավայրի ձևավորման անհրաժեշտությանը, քայլ առ քայլ հետամուտ ենք լինելու բոլոր հարցերի լուծմանը»,-նշել է ԱԳՆ նախարարը։









