2022 թվականի հունիսի 3-ին՝ ժամը 19։10-ին, «Դիմադրություն» շարժման մասնակիցները Հանրապետության հրապարակից երթով շարժվել են դեպի Պարոնյան փողոց։ Երթի մասնակիցները ժամը 20։10-ին կանգ են առել Պարոնյան-Դեմիրճյան փողոցների հատման տարածքում, որտեղ ՀՀ ոստիկանության ծառայողների կողմից արդեն իսկ արգելափակված են եղել կառավարական առանձնատներ տանող մուտքը և Դեմիրճյան փողոցը։ Ժամը 20։31-ին հավաքի մասնակիցները բարձրախոսով հայտարարել են, որ երթը շարունակվում է և Դեմիրճյան փողոցով շարժվելու է դեպի ՀՀ Ազգային ժողով՝ կոչ անելով ՀՀ ոստիկանությանը չխոչընդոտել երթի խաղաղ ընթացքը և բացել Դեմիրճյան փողոցը։ ՀՀ ոստիկանության աշխատակիցները ոչ միայն չեն կատարել հավաքի մասնակիցների օրինական պահանջը, այլ նաև սկսել են բերման ենթարկել երթը շարունակել ցանկացող քաղաքացիներին, ֆիզիկական ուժ և հատուկ միջոցներ կիրառել նրանց նկատմամբ, ինչ արդյունքում բազմաթիվ քաղաքացիներ ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։ 2022 թվականի հունիսի 30-ին երթի մասնակից, ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Հայկ Մամիջանյանի անունից ՀՀ վարչական դատարան ներկայացվել է հայց՝ ՀՀ ոստիկանության կողմից խաղաղ երթի ընթացքը դեպի Դեմիրճյան փողոց արգելափակելը ոչ իրավաչափ ճանաչելու պահանջի մասին։
ՀՀ վարչական դատարանի կողմից թիվ ՎԴ/4041/05/22 վարչական գործով 2024 թվականի ապրիլի 11-ին կայացված և 2025 թվականի հոկտեմբերի 8-ին օրինական ուժի մեջ մտած վճռով Հայկ Ռուբենի Մամիջանյանի հայցը բավարարվել է․ ոչ իրավաչափ է ճանաչվել 2022 թվականի հունիսի 3-ին, ժամը 20։10-ից սկսած Երևան քաղաքի Դեմիրճյան-Պարոնյան փողոցների հատման տարածքում տեղի ունեցած ՀՀ ոստիկանության գործողությունները՝ Դեմիրճյան փողոցի մուտքը փակելը և երթի ընթացքն արգելելը։









