Foto

Փաստաբանների պալատի նախագահը դատապարտում է Ռուբեն Մխիթարյանի նկատմամբ գործողությունները

Փաստաբանների պալատի նախագահ Սիմոն Բաբայանը գրել է.

«Երեկ տեղեկություն ստացանք փաստաբանի նկատմամբ իրականացրած հերթական ոչ իրավաչափ գործողության մասին: Համացանցում տեսանյութ հրապարակվեց, թե ինչպես է բերման ենթարկվում փաստաբան Ռուբեն Մխիթարյանը: Տեսանյութերի ուսումնասիրությունից ակնառու է, որ Ռուբեն Մխիթարյանի գործողություններում որևէ ոչ իրավաչափ վարքագիծ առկա չէ:

Տվյալ դեպքում փաստաբանի մասնագիտական գործունեությունը ոչ միայն խոչընդոտվում է իրավապահների կողմից, այլև նրա նկատմամբ իրականացվում է քրեական հետապնդում:

Իրավապահ մարմինների ներկայացուցիչներին հորդորում եմ զերծ մնալ նման գործելաոճից: Փաստաբանը չի կարող հետապնդվել, պատասխանատվության ենթարկվել, ձերբակալվել, կալանավորվել կամ ենթարկվել իրավունքների այլ սահմանափակման իր մասնագիտական պարտականությունների կատարման կապակցությամբ, ներառյալ վարույթն իրականացնող և այլ մարմիններում հայտնած կարծիքի կամ դիրքորոշման համար: Ավելին նման վարքագիծը առերևույթ պարունակում է հանցակազմի հատկանիշներ:

Պետք է արձանագրել, որ վերջին օրերին տեղի ունեցող փաստաբանների իրավունքների խախտումների շարունակականությունը խիստ մտահոգիչ է: Իրավապահ մարմիններից պահանջում եմ դադարեցնել նման գործելաոճը: Միաժամանակ, սույնով հրավիրում եմ պատկան միջազգային կառույցների ուշադրությունը՝ ակնկալելով պատշաճ գնահատական կատարվող իրավախախտումների կապակցությամբ»։