Հոկտեմբերի 18-ին` ժամը 00։50-ի սահմաններում, ծառայության ժամանակ, Հրազդան քաղաքի Զորավար Անդրանիկի պողոտայի օղակաձև խաչմերուկի հատվածում անկանոն վարելու համար Կոտայքի մարզի պարեկները կանգնեցրել են «Մազդա» մակնիշի ավտոմեքենա, որի վարորդը չի ենթարկվել նրանց օրինական պահանջին և խոչընդոտել է վարչարարության ընթացքը: Այս մասին տեղեկանում ենք ՆԳՆ ոստիկանությունից։
Ակնհայտորեն գտնվելով ալկոհոլի ազդեցության տակ` Գեղարքունիքի մարզի Զովաբեր գյուղի բնակիչ 45-ամյա վարորդը հրաժարվել է ներկայացնել անձը հաստատող տվյալներ, թույլ չի տվել նույնականացում կատարել, դրսևորել է անհամարժեք վարքագիծ, հնչեցրել սեռական բնույթի հայհոյանքներ, ձեռքերով հարվածել պարեկներից մեկին։
Նրա նկատմամբ կիրառվել է հատուկ միջոց: Նա ձերբակալվել և տեղափոխվել է Համայնքային ոստիկանության Հրազդանի բաժին, որտեղ պարզվել է նաև, որ վարորդը մեքենան վարել է վարորդական իրավունքից զրկված վիճակում։
Կազմված փաստաթղթերը և 45-ամյա վարորդը ներկայացվել են Կոտայքի մարզային քննչական վարչություն։
Նախաձեռնվել է քրեական վարույթ քրեական օրենսգրքի 452-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով` պաշտոնատար անձի օրինական ծառայողական գործունեությանը միջամտելու նպատակով պաշտոնատար անձի նկատմամբ բռնություն գործադրելը։
Նա տեղափոխվել է ձերբակալվածների պահման վայր: Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են: