Foto

Գյումրիի քաղաքապետարանի գործով ևս 2 անձ կալանավորվել է, այդ թվում գլխավոր ճարտարապետը

Գյումրի համայնքի մի խումբ պաշտոնատար անձանց կողմից կաշառք ստանալու, վերջիններիս կաշառք տալու, ինչպես նաև նույն պաշտոնատար անձանց կողմից խմբի կազմում, նախնական համաձայնությամբ իրենց լիազորությունները չարաշահելու առերևույթ հանցագործությունների դեպքերի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում ձերբակալված ևս երկու անձանց`այդ թվում՝ գլխավոր ճարտարապետի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը: Այս մասին հայտնեցին Հակակոռուպցիոն կոմիտեից։

Ավելի վաղ հայտնել էինք, որ ուժային կառույցների աշխատակիցները վաղ առավոտյան մտել են Գյումրու քաղաքապետարան։ Դիմակավորված հատուկջոկատայինները արգելել էին աշխատակիցների ելքն ու մուտքը։ Քաղաքացիներ են հավաքվել քաղաքապետարանի դիմաց, որտեղ ոստիկանությունը բերման է ենթարկել նրանցից մի քանիսին։

Դիմակավորված ուժայինները հատուկ գործողություն իրականացնելով, Գյումրիի քաղաքապետարանի հետնամուտքից  ավտոմեքենայով շատ արագ ձերբակալել ու տարել են քաղաքապետ Վարդան Ղուկասյանին։ Նրան տեղափոխել են Երևան՝ Հակակոռուպցիոն կոմիտե։

Ավելի ուշ Հակակոռուպցիոն կոմիտեն հաղորդագրություն էր տարածել, նշելով, որ քաղաքապետարանի 8 աշխատակիցներ, այդ թվում քաղաքապետ Վարդան Ղուկասյանը, ձերբակալվել են կաշառք ստանալու և տալու մեղադրանքներով։

Ձերբակալվածների թվում է նաև քաղաքի գլխավոր ճարտարապետ Հենրիկ Գասպարյանը։ Հակակոռուպցիոն կոմիտեի տարածած հաղորդագրության մեջ կար գաղտնալսված մի ձայնագրություն, որտեղ խոսակցություն էր քաղաքապետի ու գլխավոր ճարտարապետի միջև։

Այս գործով Վարդան Ղուկասյանը 2 ամսով կալանավորվել է։ Բոլոր պաշտոնյաները զրկվել են իրենց պաշտոններից։