Foto

«Զանգեզուրի միջանցքը» Թուրքիան կվերածի համաշխարհային լոգիստիկ կենտրոնի. թուրքական պարբերական

«Զանգեզուրի միջանցքը» Թուրքիան կվերածի համաշխարհային լոգիստիկ կենտրոնի՝ մեծ պահեստներով, որոնք կմատակարարեն ամբողջ եվրոպական շուկան, գրում է թուրքական «Դյունյա» թերթը՝ հղում անելով հոլանդական «Ռաբեն» խմբի գործադիր տնօրեն Էվալդ Ռաբենի կարծիքին։

Նա կիսվել է Թուրքիայում պահեստային տարածքների ներդրումներն ընդլայնելու ծրագրերով՝ նշելով, որ «Ռաբեն»-ը ներկայումս շահագործում է 170 պահեստներից բաղկացած ցանց 17 երկրներում և որ խմբի եկամուտը մինչև 2024 թվականը կհասնի 2.2 միլիարդ եվրոյի: Նա նշել է, որ եթե «Զանգեզուրի միջանցքը» բացվի, Թուրքիայի դերը լոգիստիկ ոլորտում ամբողջությամբ կփոխվի:

«Ծովային երթուղիներից կախված համաշխարհային բեռնափոխադրումների զգալի մասը կուղղորդվի Թուրքիայով։ Եթե առաքման ժամկետների և ծախսերի առավելությունները դառնան մշտական, Թուրքիան կդառնա պահեստային կենտրոն, որը կմատակարարի ամբողջ Եվրոպան։ Այս սցենարում մենք կավելացնենք Թուրքիայում պահեստային տարածքների ներդրումները», - նշել է նա։

«Ռաբեն» ընկերության գործադիր տնօրենը շեշտել է, որ իր ղեկավարած ընկերությունների խմբի նպատակն է դառնալ «պատուհան» թուրք արտահանողների համար դեպի Եվրոպա։

tert.am