ՄԱԿ ԳԱ 80-րդ նստաշրջանի առաջին կոմիտեի ընդհանուր քննարկմանը ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Պարույր Հովհաննիսյանը ընդգծել է, որ գլոբալ զինաթափումը և չտարածումը Հայաստանի արտաքին քաղաքականության օրակարգի առաջնահերթություններից է: Այս մասին տեղեկացնում է ներկայացուցչությունը:
Պարույր Հովհաննիսյանը նաև շեշտել է, որ սովորական սպառազինությունների վերահսկման ամուր և արդյունավետ ռեժիմը, վստահության և անվտանգության ամրապնդման միջոցառումների հետ մեկտեղ, կարևոր են միջազգային և տարածաշրջանային մակարդակներում խաղաղության պահպանման համար։
Դեսպան Հովհաննիսյանը ընդգծել է, որ օգոստոսի 8-ին Վաշինգտոնում, Հայաստանի և Ադրբեջանի միջև հռչակագրի ստորագրմամբ ձեռք բերված առաջընթացը վերահաստատել է վստահությունն առ այն, որ Հարավային Կովկասում բացվում է խաղաղության, կայունության և տարածաշրջանային համագործակցության նոր էջ։