Foto

Կանխվել է վրեժխնդրության հողի վրա ծրագրված սպանություն. կան կալանավորված անձինք․ ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ կողմերի միջև ծագած վիճաբանությունից հետո, որն ավարտվել է դանակահարությամբ, Հ.Գ.-ն վրեժխնդիր լինելու նպատակով իր ընկերոջը դրդել է սպանել Ա.Օ.-ին:

Մասնավորապես՝ Տ.Մ.-ն ժամանելով Հայաստան, Հ.Գ.-ի հետ նախնական համաձայնությամբ խմբի կազմում, ապօրինի ձեռք է բերել և իր մշտական բնակության վայրում պահել գործարանային արտադրության ակոսափող հրազեն, ակոսափող ինքնաձիգ, ռազմամթերք հանդիսացող փամփուշտներ, մարտական նռնակ:

Իրենց հանցավոր մտադրությունն իրականացնելու նպատակով Տ.Մ.-ն, Հ.Գ.-ի դրդմամբ, ուղղակի դիտավորությամբ կատարել է Ա.Օ.-ի սպանությանն ուղղված նախապատրաստական գործողություններ, այն է՝ ապօրինաբար իր մոտ պահելով հրազեն, փամփուշտներ և նռնակ, վարձակալել է Ա.Օ.-ին պատկանող տան հարևանությամբ գտնվող առանձնատունը, հետևել վերջինիս տեղաշարժին, կատարել լուսանկարահանումներ, սակայն Ա.Օ.-ն հայտնաբերել է նրան և ընկերների հետ ծեծի ենթարկել:

Այնուհետև, իրենց հանցավոր մտադրությունն ավարտին հասցնելու նպատակով, Տ.Խ.-ն Հ.Գ.-ի հետ նախնական համաձայնությամբ խմբի կազմում շարունակել են ապօրինի պահել վերոնշյալ առարկաները՝ Ա.Օ.-ին սպանելու հարմար առիթ փնտրելով, սակայն իրենց դիտավորության մեջ ընդգրկված հանցանքն իրենց կամքից անկախ հանգամանքներում չեն կարողացել իրագործել, քանի որ ՆԳՆ աշխատակիցների կողմից կատարված օպերատիվ-հետախուզական, ինչպես նաև քննչական և ապացուցողական մեծածավալ գործողությունների արդյունքում կանխվել է հաշվեհարդար կատարելու մտադրությունը, վերջիններս հայտնաբերվել և ձերբակալվել են։

Կատարված խուզակությունների ընթացքում հայտնաբերվել է նշված զենք-զինամթերքը:

Տ.Մ.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 43-155-րդ հոդվածի 2-րդ մասի 11-րդ կետով (սպանության նախապատրաստությունը) և 335-րդ հոդվածի 2-րդ մասով (հրազենի, դրա հիմնական բաղկացուցիչ մասերի, ռազմամթերքի և այլ նյութերի, սարքերի, առարկաների ապօրինի շրջանառությունը), Հ.Գ.-ի նկատմամբ՝ 46-43-155-րդ հոդվածի 2-րդ մասի 11-րդ կետով (սպանության նախապատրաստության դրդելը) և 335-րդ հոդվածի 2-րդ մասով (հրազենի, դրա հիմնական բաղկացուցիչ մասերի, ռազմամթերքի և այլ նյութերի, սարքերի, առարկաների ապօրինի շրջանառությունը):

Վերջիններիս նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը:

Քրեական վարույթի նախաքննությունը շարունկավում է:

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։