2 ամիս է՝ «Վեոլիա ջուր» ընկերությունը Երևանի Արցախի պողոտա 3-րդ նրբանցքում ճանապարհի երթևեկելի գոտում ջրագիծ փոխելու նպատակով մի իսկական դամբարանափոս է ստեղծել: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:
«Վեոլիա ջուրը» ջրախողովակն անցկացնելուց հետո գործը թողել է կիսատ, ավարտին չի հասցրել, ինչի պատճառով էլ 2 ամիս է՝ ոչ միայն խմելու ջուրն է անխնա հոսում, այլև այդ հսկայական փոսը վարորդների համար դարձել է մի իսկական պատուհաս:
Գետի կողմ գնացող և այնտեղով անցնող վարորդներն ամենաքաղցր խոսքերն են ուղղում «Վեոլիա ջուր»-ն ու Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանին ու վարչական շրջանի ղեկավարին, որ վերջիններս անտերության են մատնել այս հատվածը, ոչ մի աշխատանք չեն կատարում ու ամռան այս տապին 100 հազարավոր քաղաքացիներ օրերով խմելու ջուր չեն ստանում, իսկ այստեղ խմելու ջուրը կորում է:
Եղել են նաև դեպքեր, որ ավտոմեքենաները գիշերվա մթին հայտնվել են արդեն «Վեոլիա ջրի դամբարան» անունը ստացած փոսում:
Տարածքում անգամ չկա ոչ մի նախազգուշացնող ցուցանակ, մթության ժամանակ օգտագործվող լուսային փարոսիկներ, չկան նաև ազդարարող այն ցուցանակը, թե երբ է սկսվել և երբ է ավարտվելու ճանապարհի մեջտեղում վնասված ջրախողովակի վերակառուցումն ու երբ է արվելու ասֆալտապատումը: