Բարսելոնայում երկու երեխա ունեցող զույգը պլանավորում էր ամբողջ ընտանիքով մեկնել արձակուրդի, բայց նրանց 10-ամյա որդու անձնագրի ժամկետը, ինչպես պարզվել է, լրացել է: Ուստի, ծնողները պարզապես երեխային թողել են օդանավակայանում և փորձել մեկնել առանց նրա, գրում է Bild-ը:
Իսպանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ միջադեպը տեղի է ունեցել մի քանի ամիս առաջ և դրա մասին սոցիալական ցանցերում հայտնել է թռիչքի համակարգողը, ով ականատես է եղել իրավիճակին։
Ընտանիքի անդամները, ըստ երևույթին, Իսպանիայի քաղաքացիներ չեն և պլանավորում էին իրենց արձակուրդն անցկացնել «հայրենիքում»։ Ծնողները և երկու երեխաներից մեկը չվերթի համար գրանցվել են առանց խնդիրների, սակայն տասնամյա տղան ուներ ժամկետանց անձնագիր և անվավեր վիզա։ Դրա պատճառով նրան թույլ չեն տվել նստել ինքնաթիռ։
Ծնողները որոշել են թռչել առանց երեխայի՝ ասելով նրան սպասել օդանավակայանում, մինչև ընկերները նրան վերցնեն։ Օդանավակայանի աշխատակիցները նկատեցին տղային սպասասրահում և զանգահարեցին ոստիկանություն. նրա ծնողներն ու նրանց երկրորդ երեխան վերադարձվել էին ինքնաթիռի թռիչքից առաջ։ Նրանց ուղեկցել էին ոստիկանական բաժանմունք։
TikTok-ում թռիչքի համակարգող Լիլիանն ասել է. «Դա լիովին սյուրռեալիստական էր։ Ծնողները վարվում էին այնպես, կարծես ոչ մի առանձնահատուկ բան չէր պատահել։ Բայց ոստիկանությունը այլ կարծիքի էր։ Որպես մայր՝ ես ցնցված եմ. նրանք թողնում են իրենց երեխային և զանգահարում ինչ-որ ազգականի, որը, հավանաբար, մի քանի ժամից կժամանի։ Երբ իմ դուստրը փոքր էր, ես նրան ոչ մի վայրկյան անգամ չէի բաց թողնում իմ տեսադաշտից»։
Այժմ, ըստ լրատվամիջոցների հաղորդագրությունների, Իսպանիայի իշխանությունները՝ անչափահասների հարցերով զբաղվող մարմինների հետ համատեղ, ստուգում են, թե արդյոք այս ծնողները ունակ են իրենց երեխաների համար պատշաճ խնամք ապահովել։