Foto

Իսրայելի դեսպանն ասել է՝ որ դեպքում Թել Ավիվը կվերսկսի Իրանի դեմ ռազմակшն գործողությունները

Իսրայելը պատրաստ կլինի վերսկսել ռազմական գործողությունները Իրանի դեմ, եթե տեսնի միջուկային ծրագիրը ռազմական նպատակներով մշակելու ռիսկ. այս մասին ասել է ՌԴ-ում Իսրայելի դեսպան Սիմոնա Գալպերինը։ Սակայն, առայժմ, այդ հեռանկարը հեռավոր է թվում,  ընդգծել է նա։

«Մենք ավարտեցինք գործողությունն Իրանում այն կետի վրա, որ Իրանը չի ունենա միջուկային ռազմական ներուժ։ Եվ մենք թույլ չենք տա վերսկսել միջուկային ռազմական ծրագիրը և բալիստիկ հրթիռներ ստեղծելու լայնածավալ ծրագիրը, քանի որ գործողության նպատակն էր վերացնել Իրանի անմիջական սպառնալիքը և Իսրայելի համար գոյության սպառնալիք ներկայացնելու կարողությունը», - ասել է Գալպերինը։

Իսրայելը հունիսի 13-ի գիշերը ռազմական գործողություններ է սկսել Իրանի դեմ՝ հարվածելով միջուկային և ռազմական օբյեկտներին, ինչպես նաև իրանական բանակի անձնակազմին։ Հունիսի 22-ին Միացյալ Նահանգները միացել է հակամարտությանը և հարձակվել իրանական երեք միջուկային օբյեկտների վրա: Ի պատասխան՝ Իրանը հարձակվել է Մերձավոր Արևելքում ԱՄՆ ամենամեծ ռազմական օբյեկտի՝ Կատարի Ալ Ուդեյդ ավիաբազայի վրա:

Իսրայելա-իրանական 12-օրյա պատերազմից հետո ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կողմերը համաձայնել են հրադադարի։ Իսրայելը, համաձայնելով հրադադարին, հայտարարել էց, որ հասել է իր բոլոր նպատակներին։ Իրանի իշխանությունները, իրենց հերթին, հայտարարել են Իսրայելի և ԱՄՆ-ի նկատմամբ հաղթանակի մասին։

tert.am