Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Բրյուսել կատարած վերջին աշխատանքային այցի ընթացքում եվրոպացի պաշտոնյաներին հայտնել է, որ Հայաստանը ցանկանում է անդամակցել Եվրոպական միությանը։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նա ասաց մամուլի ասուլիսի ժամանակ՝ պատասխանելով լրագրողի հարցին։
«Եվրոպական միությունում մեր ունեցած քննարկումների ընթացքում, բնականաբար, մեզ հարց է ուղղվել ու շարունակում է ուղղվել՝ արդյո՞ք Հայաստանի Ազգային ժողովի կողմից ընդունված օրենքը նշանակում է, որ Հայաստանը ցանկանում է դառնալ Եվրամիության անդամ։ Իմ պատասխանը եղել է՝ այո, Հայաստանը ցանկանում է դառնալ Եվրոպական միության անդամ,- ասաց Փաշինյանը։
Նա ընդգծեց, որ անդամակցության գործընթացը միանշանակ և դյուրին չէ. անհրաժեշտ է, որ ԵՄ բոլոր անդամները համաձայնություն տան և Հայաստանը համապատասխանի եվրոպական չափանիշներին։
Փաշինյանը հավելեց, որ անկախ նրանից՝ ԵՄ անդամակցությունը կդառնա՞ իրականություն, թե՞ ոչ, շարունակելու է բարեփոխումների ռազմավարական ուղին՝ հենվելով նաև ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի և սպասվող նոր օրակարգի վրա։
«Մենք բոլոր դեպքերում ունենք բարեփոխումների հավակնոտ ծրագիր և ռազմավարություն, և այդ ռազմավարությունը, այսպես թե այնպես, իրականացնելու ենք։ Այսինքն՝ այժմ, այդ թվում նաև Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի շրջանակում, ինչպես նաև առաջիկայում նախատեսվող Հայաստան–Եվրոպական միություն համագործակցության նոր օրակարգով, մենք շարունակելու ենք մեր երկրի բարեփոխումները՝ մինչև այն կետը, երբ Հայաստանի Հանրապետությունը բոլոր առումներով կպատասխանի եվրոպական ստանդարտներին։ Եվ այդ կետից հետո ևս բարեփոխումները կշարունակվեն։ Այստեղ արդեն կա երկու տարբերակ՝ կա՛մ Հայաստանին ընդունում են Եվրամիության անդամ, կա՛մ ոչ։ Եթե ընդունում են՝ շատ լավ, եթե ինչ-ինչ պատճառներով չեն ընդունում, միևնույն է՝ Հայաստանը լինում է մի երկիր, որը համապատասխանում է եվրոպական ժամանակակից չափանիշներին։ Այսինքն՝ երկու դեպքում էլ մենք մեր ռազմավարությունը չշարունակելու որևէ պատճառ չունենք»,-ասաց նա։