Իրաքը եռօրյա սուգ է հայտարարել Բաղդադից հարավ ալ-Քութ քաղաքի կենտրոնում գտնվող առևտրի կենտրոնում տեղի ունեցած հրդեհի զոհերի հիշատակին, որոնց թիվը գերազանցել է 60-ը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Al Jazeera-ն։
Իրաքի ներքին գործերի նախարարությունը հաստատել է, որ հրդեհի հետևանքով զոհվել է 61 մարդ։ Նախարարությունը պարզաբանել է, որ ստեղծվել է բարձր մակարդակի քննչական հանձնաժողով՝ հրդեհի պատճառները հետաքննելու և ճշգրիտ ու թափանցիկ կերպով դեպքի հանգամանքները բացահայտելու համար:
Տեղի առողջապահական իշխանությունները Reuters-ին հայտնել են 69 զոհի մասին։
Իրաքի լրատվական գործակալության (INA) տեղեկացմամբ՝ Ուասիտի նահանգապետ Մոհամմադ Ջամիլ ալ-Մայահին ֆեյսբուքյան էջում գրառման մեջ նշել է, որ «տեղական իշխանությունները սկսել են դատական հայցեր ներկայացնել շենքի և առևտրի կենտրոնի սեփականատերերի, ինչպես նաև բոլոր ներգրավվածների դեմ»։
«Մենք նախնական հետաքննության արդյունքները հանրությանը կներկայացնենք 48 ժամվա ընթացքում»,- նշել է նա։
Տեղեկություններ են հաղորդվում, որ հրդեհի հետևանքով վիրավորվել է 40 մարդ։ Տասնյակ մարդիկ անհետ կորած են։ Քաղաքացիական պաշտպանության խմբերին հաջողվել է փրկել 45 մարդու։
Զոհերի մեծ մասը շնչահեղձ է եղել ծխից։
Առևտրի կենտրոնը բացվել էր 5 օր առաջ։