Պետական եկամուտների կոմիտեն, մաքսային բարեփոխումների շրջանակում, շարունակում է արտաքին տնտեսական գործունեության դյուրինացմանն ուղղված աշխատանքները։ 2025 թվականի ապրիլից ներդրվել է ապրանքների և տրանսպորտային միջոցների ինքնաշխատ բացթողնման համակարգը, որի փորձնական գործարկման մեկնարկը տրվել էր անցած տարվանից։ Կատարելագործված վերլուծական գործիքակազմով և նոր՝ դյուրինացված չափորոշիշներով համալրված համակարգում, «Ապրանքների և տրանսպորտային միջոցների ավտոմատ բացթողում» մաքսային հսկողության ընթացակարգի կիրառման շրջանակի ընդլայնման արդյունքում, էապես բարելավվել է ինքնաշխատ բացթողումների տեսակարար կշիռը։ Իսկ զննման դեպքերի տեսակարար կշիռը հասել է Համաշխարհային մաքսային կազմակերպության նախանշած՝ 5 տոկոս ցուցանիշին։
Ըստ ՀՀ ՊԵԿ մաքսային ռիսկերի կառավարման և վիճակագրության վարչության պետ Ռաֆայել Գրիգորյանի, ապրիլից նոր համակարգի գործարկումից հետո, այսօր արդեն ապրանքների և տրանսպորտային միջոցների բացթողումների տեսակար կշիռը նախանշված 5 տոկոս շեմից դարձել է 9․23 տոկոս։ Միաժամանակ, գործիքակազմի զարգացմամբ ակնկալվում է հետագայում ունենալ 20-25 տոկոս արդյունք։
Ավտոմատ բացթողնման համակարգն աշխատում է «կանաչ ուղի» միջերեսային արտացոլման տիրույթում, այսինքն, հենց կանաչ ուղու ընթացակարգից է ինքնաշխատ եղանակով, համաձայն համակարգում ներդրված չափորոշիչների, ընտրվում օրինակելի և պատճաշ լրացված հայտարարագիրը և ապրանքը բաց է թողնվում ավտոմատ եղանակով, ինչի մասին տնտեսվարողն անմիջապես իրազեկվում է հեռահար հաղորդագրությամբ՝ նախորդ տարի ներդրված «մեյլիգ» գործիքակազմի միջոցով։ Արդյունքում՝ մաքսային ամբողջ գործընթացում հայտարարատուն գործ ունի ավտոմատացված, թվայնացված համակարգի հետ՝ բացառելով մարդկային գործոնը։ Որպեսզի ապրանքների և տրանսպորտային միջոցների բացթողումը համակարգում իրականացվի ավտոմատ, անհրաժեշտ է տնտեսվարողի գործունեությունը համապատասխանի մի շարք չափորոշիչների, մասնավորապես, օրինապահությունը, պատշաճ հայտարարագրումը, կատարված մաքսային վճարները և այլն։
Ի դեպ, «Կանաչ ուղի» ընթացակարգից ինքնաշխատ բացթողնման գործիքակազմով ընտրված հայտարարագրերի քանակը նախորդ տարվա համեմատ շեշտակի ավելացել է։ Եթե 2024 թվականին ամբողջ տարվա ընթացքում 131 ապրանքային հայտարարգիր է ինքնաշխատ բացթողնվել, ապա 2025 թվականի ապրիլից գործարկված համակարգի միջոցով, ամսական կտրվածքով՝ շուրջ 2000 ապրանքային հայտարարգիր։