Համայնքային ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողներն, իրացնելով օպերատիվ տեղեկությունները, Երևանի Նաիրի Զարյան փողոցում ձերբակալել և բաժին են տարել Բերդ քաղաքի բնակիչ 24-ամյա մի երիտասարդի:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ՆԳՆ ոստիկանությունը։
Ըստ օպերատիվ տեղեկության՝ նա Ազատության պողոտայի ավտոտնակների մոտ փաթեթով թմրամիջոց էր տեղադրել: Երիտասարդի խուզարկությամբ հայտնաբերվել է մարիխուանայի նմանվող զանգվածով 7 փաթեթ և նույն զանգվածով կաթուցիչ՝ ընդհանուր մոտ 18 գրամ քաշով:
Պարզվել էր, որ երիտասարդը թմրամիջոցը իրացնելու նպատակով ձեռք էր բերել տելեգրամյան մի ալիքի օգտատիրոջից: Կազմված փաստաթղթերը և երիտասարդը ներկայացվել են Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժին: Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում կատարված զննությամբ Ազատության պողոտայի շենքերից մեկի բակում գտնվող ավտոտնակի մոտ հայտնաբերվել է երիտասարդի տեղադրած փաթեթը: Նախաքննությունը շարունակվում է:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: