Foto

Նյու Յորքում Կիպրոսի հարցով բանակցություններ են մեկնարկել

Նյու Յորքում գտնվող ՄԱԿ-ի կենտրոնակայանում մեկնարկել է Կիպրոսի խնդրի լուծմանն ուղղված տարեսկզբից ի վեր երկրորդ ընդլայնված ձևաչափով հանդիպումը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ի թղթակիցը։

Ինչպես և չորս ամիս առաջ Ժնևում, հանդիպումն անցկացվում է «հինգ գումարած մեկ» ձևաչափով, այսինքն՝ կղզու հունական և թուրքական համայնքների ղեկավարների, Կիպրոսի անվտանգության երաշխավոր երեք տերությունների՝ Մեծ Բրիտանիայի, Հունաստանի և Թուրքիայի արտաքին գործերի նախարարների, ինչպես նաև ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի մասնակցությամբ։

Ֆորումը սկսվել է ընթրիքով, որը սկզբում նախատեսված էր մեկ ժամ տևողությամբ, սակայն, ի վերջո, տևել է երեք անգամ ավելի երկար։ Պատասխանելով լրագրողների հարցին, թե ինչու է հետաձգվել գագաթնաժողովի մասնակիցների առաջին համատեղ հանդիպումը, Կիպրոսի Հանրապետության նախագահ Նիկոս Քրիստոդուլիդեսը բացատրել է, որ «հետաքրքիր քննարկում էր ընթանում»։ Կիպրոսցի թուրքերի առաջնորդ Էրսին Թաթարը «Կիբրիզ» թուրքական թերթին տված հարցազրույցում ասել է, որ ընթրիքն անցել է «բարեկամական մթնոլորտում»։

Կիպրոսյան հունական «Ֆիլելեֆտերոս» թերթի աղբյուրները հայտնել են, որ հանդիպման ժամանակ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը խոսել է կղզում միջհամայնքային վստահությունը ամրապնդելու անհրաժեշտության մասին՝ բանակցություններն առաջ մղելու համար։

Անտոնիու Գուտերեշը հուլիսի 17-ին առանձին հանդիպումներ է նախատեսել Կիպրոսի համայնքների ղեկավարների հետ, որպեսզի վերջնականապես պարզի նրանց դիրքորոշումները լիագումար նիստից առաջ, որը նախատեսված է ավելի ուշ և կտևի մոտ հինգ ժամ։

Դրանից հետո ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը պետք է հայտարարի ֆորումի արդյունքները, ուրվագծի հաջորդ գագաթնաժողովի անցկացման հեռանկարները և առաջադրանքներ սահմանի կողմերի համար, որոնք նրանք պետք է փորձեն լուծել մինչև հաջորդ ընդլայնված հանդիպումը։

Կիպրոսը բաժանված է էթնիկական պատկանելությամբ 1974 թվականի թուրքական ռազմական ներխուժումից ի վեր։ Ռազմական գործողությունների արդյունքում Թուրքիայի վերահսկողության տակ է անցել Կիպրոսի տարածքի մոտ 40%-ը, որտեղ 1983 թվականին ստեղծվել է, այսպես կոչված, Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետությունը, որը ճանաչվել է միայն Անկարայի կողմից։ Կղզու հարավային մասը մնացել է Կիպրոսի Հանրապետության վերահսկողության տակ, որը բնակեցված է հիմնականում կիպրոսցի հույներով։