Foto

Հայաստանում երրորդ տարին անընդմեջ «Կրթության ձեռքբերում» ենթաինդեքսի գծով արձանագրվում է նահանջ. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ

«ԼՈՒՅՍ» հիմնադրամն անդրադառնում է Համաշխարհային տնտեսական համաժողովի կողմից հրապարակված Համաշխարհային գենդերային անհավասարության զեկույցին։

Հայաստանը գենդերային անհավասարության 73.1% ինդեքսով 2024թ. զբաղեցնում է համաշխարհային վարկանիշային աղյուսակի 59-րդ հորիզոնականը:

Ինդեքսը «Տնտեսական մասնակցություն և հնարավորություններ» ենթաինդեքսի գծով նախորդ տարվա համեմատ բավական լուրջ նահանջ է արձանագրել՝ 3.9 տոկոսային կետով, ինչի հաշվին Հայաստանի վարկանիշային դիրքը վատթարացել է 26 հորիզոնականով: Ընդ որում, վերջին երկու տարիների կտրվածքով վատթարացումը 39 հորիզոնական է։ Նախորդ տարվա համեմատ նահանջը պայմանավորված է «Աշխատուժի մասնակցության մակարդակ» և «Վաստակած եկամուտ» ցուցիչների վատթարացմամբ: 2024-ին «Աշխատուժի մասնակցության մակարդակում» տղամարդկանց տոկոսային ներգրավվածությունն ավելացել է, իսկ կանանցը` նվազել: «Վաստակած եկամուտ» ցուցիչի վատթարացման պատճառն այն է, որ նախորդ տարվա համեմատ 2024-ին տղամարդկանց վաստակած եկամուտների մակարդակն ավելի շատ է ավելացել, քան կանանցը:

«Կրթության ձեռքբերում» ենթաինդեքսը նախորդ տարվա համեմատ նվազել է միանգամից 1.1 տոկոսային կետով՝ կազմելով 98.0%։ Ընդ որում, քանի որ 1.1 տոկոսային կետով նվազումն այս ենթաինդեքսի համար չափազանց լուրջ վատթարացում է, արձանագրվել է Հայաստանի վարկանիշային դիրքի զգալի՝ 16 հորիզոնականով նահանջ։

Հայաստանի «Կրթության ձեռքբերում» ենթաինդեքսը երբևէ այսքան ցածր չի եղել։ Այս ենթաինդեքսի գծով նահանջի պատճառը տարրական և միջնակարգ կրթական համակարգում ներգրավվածության ցուցիչների նվազումն է՝ դրանցից առաջինի գծով մեր երկրի դիրքը վատթարացել է 9 հորիզոնականով, իսկ երկրորդ ցուցիչի գծով Հայաստանը 1-ինից տեղափոխվել է 114-րդ հորիզոնական։ Այս դեպքում պատճառը նախորդ տարվա համեմատ տղա և աղջիկ աշակերտների տոկոսային ներգրավվածության ցուցանիշների միջև ճեղքվածքի ավելացումն է։ Տարրական կրթական համակարգում տղաների ներգրավվածության աճն ավելի է, քան աղջիկներինը, իսկ միջնակարգ կրթական համակարգում տղաների ներգրավվածության նվազումն ավելի փոքր է, քան աղջիկներինը: Ի դեպ, «Կրթության ձեռքբերում» ենթաինդեքսի գծով նահանջ Հայաստանում երրորդ տարին անընդմեջ է արձանագրվում։ Ենթաինդեքսի գծով զգալի և շարունակական հետընթացը պատկան մարմինների անհետևողականության պատճառով կրթության ասպարեզում գենդերային հավասարության ավանդաբար բարվոք վիճակից չափազանց մտահոգիչ վատթարացման մասին է վկայում:

Քանի որ գենդերային անհավասարության ինդեքսը չորս ենթաինդեքսների միջին թվաբանականն է, որոնցից երկուսը Հայաստանի դեպքում էականորեն նվազել են, իսկ մեկի աճն աննշան է, ստացվում է, որ Հայաստանի ինդեքսի՝ նախորդ տարվա համեմատ աճը առավելապես պայմանավորված է «Քաղաքական մասնակցություն» ենթաինդեքսի բավական բարձր աճով, ինչը խորհրդարանում և կառավարությունում կանանց թվի աճի արդյունք է։ Բացառապես այս ենթաինդեքսի գծով ունեցած մեծ առավելության շնորհիվ է, որ Հայաստանը բոլոր հարևաններից ավելի մեծ ինդեքս ունի։

«Կրթության ձեռքբերում» ենթաինդեքսի գծով Հայաստանն իր չորս հարևաններից չի զիջում միայն Իրանին՝ այդ երկրի հետ ունենալով ենթաինդեքսի նույն մեծությունը։ Մինչդեռ նախորդ տարի այս ենթաինդեքսի գծով Հայաստանը չէր զիջում հարևաններից ոչ մեկին։

«Տնտեսական մասնակցություն և հնարավորություններ» ենթաինդեքսով Հայաստանը հարևաններից զիջում է Ադրբեջանին և Վրաստանին (համապատասխանաբար 8 և 5.6 տոկոսային կետով):

«Առողջություն և կյանքի տևողություն» ենթաինդեքսով Հայաստանը գերազանցում է միայն Ադրբեջանին:

ՀԳԱ ինդեքսով և աշխարհում զբաղեցրած դիրքով Հայաստանը Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) անդամ՝ Զեկույցում ներառված երկրներից զիջում է միայն Բելառուսին:

Վերլուծությունն ամբողջությամբ հասանելի է հետևյալ հղումով` https://shorturl.at/Wvjlc։