Foto

Գազայի հատվածում շուրջ 30 պաղեստինցի իսրայելական հարձակումների զոհ է դարձել

Գազայում հուլիսի 4-ի լուսաբացից ի վեր զոհվել է 27 պաղեստինցի, վիրավորվել են տասնյակ մարդիկ։ Իսրայելական հրետանին թիրախավորել է տեղահանվածների համար նախատեսված վրանները Խան Յունիս քաղաքից արևմուտք գտնվող Մաուասի և Գազա քաղաքի Սաբրայի շրջաններում, ինչպես նաև Ռաֆահ քաղաքում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Al Jazeera-ն։

Հուլիսի 3-ին իսրայելական ռազմական գործողությունների հետևանքով սպանվել է 107 պաղեստինցի, որոնցից 51-ը զոհվել է օգնության բաշխման կենտրոնների մոտ սնունդ ստանալու ակնկալիքով մարդկանց թիրախավորման հետևանքով։ 

ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը (UNICEF) զգուշացրել է, որ սովի սպառնալիքը շարունակում է տարածվել ամբողջ Գազայի հատվածում: Կազմակերպությունն ընդգծել է, որ բնակչության 90%-ը բախվում է լուրջ պարենային անապահովության։

Իսրայելի բանակի ռադիոն հաղորդել է, որ Գազայի հատվածում ցամաքային գործողության մեկնարկից ի վեր զոհվել է 72 զինվոր։

Հուլիսի 4-ին իսրայելական ուժերի և նորաբնակների կողմից իրականացված բազմաթիվ հարձակումների հետևանքով 30 պաղեստինցի ընտանիք բռնի տեղահանվել է Արևմտյան ափին գտնվող Երիքով քաղաքի մերձակա պաղեստինյան համայնքից։

Գազայի հատվածի առողջապահության նախարարությունը հայտնել է, որ 2023 թվականի հոկտեմբերի 7-ից ի վեր Իսրայելի կողմից Գազայի հատվածում իրականացված ագրեսիայի հետևանքով զոհերի թիվը հասել է 57 130-ի, իսկ վիրավորներինը՝ 134 592-ի։

Իսրայելը Գազայի հատվածում ռազմական գործողություններ էր սկսել՝ ի պատասխան պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման զինյալների ներխուժման, որի հետևանքով զոհվել էր գրեթե 1200 մարդ, գերեվարվել՝ շուրջ 250 մարդ։