Հռոմի հարավ-արևելքում բենզալցակայան է պայթել, որի հետևանքով վիրավորվել է առնվազն 40 մարդ, այդ թվում՝ 9 ոստիկան և մեկ հրշեջ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Roma Today-ը վկայակոչելով տեղական իշխանություններին և փրկարարներին։
Հիվանդանոցներ տեղափոխված վիրավորներից մի քանիսի վիճակը ծանր է։
Իտալիայի մայրաքաղաքում պայթյունը որոտացել է հուլիսի 4-ի առավոտյան ժամը 8-ի սահմաններում, որից հետո մուգ ծխի և կրակի հսկայական ամպ է բարձրացել, որը տեսանելի էր քաղաքի տարբեր թաղամասերից։
The Associated Press-ի տեղեկացմամբ՝ ավելի վաղ Հռոմի քաղաքապետ Ռոբերտո Գուալտիերին նշել էր մոտ 20 տուժածի մասին։ Նրա խոսքով՝ ոստիկանությունը և հրշեջներն անմիջապես շտապել են դեպքի վայր։ Նրանց ժամանելուց հետո տեղի է ունեցել ևս երկու պայթյուն։
Ոստիկանությունը հայտնել է, որ ստուգում է անցկացնում շրջակա տարածքում՝ վիրավորված կամ մոտակա շենքերում մնացած մարդկանց հայտնաբերելու նպատակով։
Հռոմի դատախազները սկսել են պայթյունի պատճառի հետաքննությունը։
Առաջին պայթյունից հետո ոստիկանությունը արագ տարհանել է բենզալցակայանի մերձակայքի մարզական կենտրոնում գտնվողներին, մի քանի երեխա տեղափոխվել են անվտանգ վայր։
Հռոմի պապ Լևոն XIV-ը հայտարարել է, որ աղոթում է «իր թեմի սրտում» տեղի ունեցած պայթյունից տուժածների համար։