Մոսկվայի մարզի ադրբեջանցիների տարածաշրջանային ազգային-մշակութային ինքնավարություն հասարակական կազմակերպության ղեկավար Էլշան Իբրահիմովը զրկվել է Ռուսաստանի քաղաքացիությունից։ Այս մասին հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները:
Իբրահիմովը հաստատել է այս տեղեկությունը, սակայն չի նշել քաղաքացիությունից զրկվելու պատճառները՝ խոստանալով մեկնաբանություն տալ Ադրբեջան վերադառնալուց մի քանի օր անց։
ՌԲԿ-ի աղբյուրը, իր հերթին, հայտնել է, որ Իբրահիմովը քաղաքացիությունից զրկվել է հունիսի 18-ին՝ «Ռուսաստանի Դաշնության ազգային անվտանգությանը սպառնացող գործողություններ կատարելու» համար։
Նշենք, որ «Ռուսաստանի Դաշնության ազգային անվտանգությանը սպառնացող գործողություններ կատարելու» հետևանքով Ռուսաստանի քաղաքացիությունից զրկելու մասին որոշում կայացնելու համար, ըստ ռուսական օրենսդրության, անհրաժեշտ է Անվտանգության դաշնային ծառայության եզրակացությունը։