Մոսկվան և Կիևը հայտարարել են ՌԴ նախագահի կողմից հայտարարված և մայիսի 8-ի կեսգիշերից ուժի մեջ մտած եռօրյա հրադադարի բազմաթիվ խախտումների մասին։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ ռուսական բոլոր ստորաբաժանումները «լիովին դադարեցրել են մարտական գործողությունների իրականացումը» և մնացել են նախկինում զբաղեցրած դիրքերում։
ՌԴ ռազմական գերատեսչությունը նշել է, որ Ուկրաինայի զինված ուժերը, սակայն, շարունակել են մարտական գործողությունները։ Ըստ ՌԴ ՊՆ-ի՝ արձանագրվել է «հրադադարի ռեժիմի խախտման 488 դեպք»։
Ռուսաստանի ՊՆ-ի պնդմամբ՝ ռուսական կողմից ավիացիայի, հրթիռային ուժերի և հրետանու, ինչպես նաև ԱԹՍ-ների հարվածներ չեն իրականացվում։ Գերատեսչությունը նաև հաղորդել է, որ Ուկրաինայի զինված ուժերը Կուրսկի մարզում պետական սահմանը հատելու երկու փորձ են կատարել։
Կուրսի մարզի նահանգապետի պաշտոնակատար Ալեքսանդր Խինշտեյնը հայտարարել է, որ Գլուշկովո սահմանամերձ բնակավայրում գնդակոծության հետևանքով զոհվել է 61-ամյա կին։ Բացի այդ, խոցված օդային թիրախների ընկնելու հետևանքով փլուզվել է ոստիկանության բաժնի երկրորդ հարկը։
Իր հերթին BBC-ի ռուսական ծառայությունը նշում է, որ ավելի վաղ Ուկրաինայի արտգործնախարար Անդրեյ Սիբիհան հայտնել էր, որ կեսգիշերից ռուսաստանցի զինվորները ուկրաինական դիրքերի վրա 586 հարձակում են իրականացրել, ինչպես նաև 176 հարված են հասցրել FPV-անօդաչուներով և 10 ավիահարված՝ 16 կառավարվող ավիառումբերով։
Ըստ «ՌԲԿ-Ուկրաինա» պարբերականի՝ հայտարարված հրադադարն ուժի մեջ մտնելուց հետո Ուկրաինայի մի քանի շրջաններում, այդ թվում՝ Խարկովի, Չեռնիգովի, Դնեպրոպետրովսկի, Զապորոժիեի և Սումիի մարզերում օդային տագնապ է հայտարարվել։ Խարկովի մարզում վաղ առավոտյան ԱԹՍ-ի հարվածից 3 կին է վիրավորվել։