«Շատ կարևոր է այսօր վերաիմաստավորել, արժևորել Շուշիի ազատագրման օրը և խորհուրդը։ 1992 թվականի մայիսի 8-ին հայ ժողովուրդը, չնայած բոլոր դժվարություններին, կարողացավ ազատագրել հայոց բերդաքաղաք Շուշին, որովհետև հավատում էր իր բազկին, իր ուժին, իր կամքին, և միասնականությամբ կարողացավ այդ խնդիրը լուծել։ Այն բեկումնային նշանակություն ունեցավ Արցախի ազատագրական պայքարի հարցում»,-այս մասին «Շուշի. Վերադարձ լինելու է» խորագրով միջացառումից առաջ, որը նվիրված է բերդաքաղաքի ազատագրման օրվան, ասաց ՀՅԴ գործիչ Իշխան Սաղաթելյանը։
Նրա խոսքով՝ որքան էլ շարունակվի Արցախի ուրացման քաղաքականությունը, որքան էլ Հայաստանի ներսի և դրսի թշնամիները փորձեն պարտադրել՝ հրաժարվել Արցախից, միևնույն է՝ չեն կարողանալու, որովհետև Արցախը հայկական է և վերադարձի իրավունքի համար անհրաժեշտ է պայքարել։
«Մենք վերադարձի իրավունքն ամբողջությամբ ունենք, միջազգային տարբեր ատյաններում այդ խնդիրը քննարկվել է, բարձրաձայնվել է, հստակ պետք է արձանագրել, որ Արցախում տեղի ունեցել ցեղասպանություն և էթնիկ զտում։ Արցախը մեր դարերի հայրենիքն է, և արցախահայերը վերադարձի իրավունք ունեն։ Այսօր այդ իրավունքի դեմ խոսում է երկու կառավարություն՝ Ադրբեջանի կառավարությունը և Հայաստանի կառավարությունը, որտեղ Հայաստանի կառավարությունը չի առաջնորդվում հայ ժողովրդի է, հավաքական իրավունքների պաշտպանությամբ, այլ, ընդհակառակը, իր վարած քաղաքականությունը հրաժարվել է այդ ամենից»
Նրա պնդմամբ՝ որևէ մեկը իրավունք չունի այդ խնդիրը կամ հարցը փակելու։
«Ում համար Շուշին դժբախտ և դժգույն քաղաք է, մեր համար՝ Շուշին հայոց բերդաքաղաքն է, եթե որոշների համար Արցախ վերադարձը՝ հայրենասիրական պաթոս է,մեր համար՝ ազգային նպատակ, որի համար պայքարելու ենք և ամեն ինչ անելու ենք, որ, այո՛, այդ վերադարձը տեղի ունենա։ Որևէ մեկը իրավասություն չի տվել հրաժարվելու արցախահայերի վերադարձի իրավունքից և փակելու Արցախի էջը»,- ասաց նա։