Foto

Երևանը և իտալական Բարի քաղաքը հոկտեմբերի 26-ից կկապվեն ուղիղ չվերթով

Այս տարվա աշնանից Հայաստանը ուղիղ չվերթով կկապվի եվրոպական ևս մեկ քաղաքի՝ Բարիի հետ, որը գտնվում է Իտալիայի հարավ-արևելքում, Ադրիատիկ ծովի ափին: Օդային կապը հոկտեմբերի 26-ից կապահովի WizzAir բյուջետային ավիաընկերությունը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշված է Բարիում գործող Հայաստանի Հանրապետության պատվավոր հյուպատոսության հաղորդագրությունում: 

Երևանի և Պուլիա պատմական մարզի վարչական կենտրոնի միջև օդային «կամուրջը» կգործի շաբաթական երկու անգամ՝ չորեքշաբթի և կիրակի օրերին։ «Զվարթնոց» օդանավակայանից ինքնաթիռները կմեկնեն առավոտյան 05:30-ին և արդեն Իտալիայի ժամանակով ժամը 06:10-ին վայրէջք կկատարեն Բարիում: Հակառակ ուղղությամբ թռիչքը նախատեսվում է առավոտյան 06:45-ին, ինքնաթիռը Երևան կժամանի Երևանի ժամանակով ժամը 13:20-ին։

Պուլիայի տարածաշրջանի ղեկավար Միկելե Էմիլիանոն, կարևորելով չվերթը, նշել է, որ այն կմիավորի ժողովուրդներին և կնպաստի երկու երկրների միջև զբոսաշրջության, մշակութային և տնտեսական կապերի ամրապնդմանը:

«Շնորհակալություն եմ հայտնում «Պուլիայի օդանավակայաններ»-ին՝ ժողովուրդների միջև մտերմության և եղբայրության հաստատման այս շոշափելի ժեստը կատարելու և իրական ու խորը կապեր կառուցելու համար: Մենք հպարտ ենք աջակցելու մի նախագծի, որը ծնվել է հայ համայնքի առաջարկով, ստեղծում են նոր հնարավորություններ, որոնք մարդկանց ավելի են մոտեցնում միմյանց»,- հայտարարել է Միկելե Էմիլիանոն:

Իտալիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վլադիմիր Կարապետյանը նույնպես հուսով է, որ այս չվերթը կամրապնդի երկու երկրների միջև փոխգործակցությունը:

«Ջերմորեն շնորհավորում եմ բոլորին Երևան-Բարի ուղիղ չվերթի մեկնարկի կապակցությամբ, որը մի շարք շահագրգիռ կողմերի, այդ թվում՝ Պուլիայի մարզի, «Պուլիայի օդանավակայաններ»-ի, WizzAir-ի և Բարիի պատվավոր հյուպատոսության անխոնջ ջանքերի արդյունք է։ Այս հեղինակավոր կապը կրճատում է Հարավային Իտալիայի և Հայաստանի միջև հեռավորությունը՝ բացելով նոր հեռանկարներ մշակութային, տնտեսական և զբոսաշրջային փոխանակումների համար։ Շնորհակալություն եմ հայտնում բոլոր նրանց, ովքեր վերջին տարիներին հավատացել են այս արդյունքին հասնելուն և հուսով եմ, որ այս նախաձեռնությունն ավելի կամրապնդի մեր երկկողմ համագործակցությունը»,- նշել է Վլադիմիր Կարապետյանը: 

Բարիի քաղաքապետ Վիտո Լեչեզեն ընդգծել է, որ նոր օդային կապը կարևոր հնարավորություն է իր ղեկավարած քաղաքը Արևելյան Եվրոպայի զբոսաշրջիկների առջև բացելու համար: 

«Ամենակարևորը՝ այն թույլ է տալիս ամրապնդել մշակութային և պատմական կապերը հայ համայնքի հետ, որը անցյալ դարի սկզբին ապաստան է գտել մեր քաղաքում։ Բարին վերահաստատում է Միջերկրական ծովի խաչմերուկի իր դերը»,- ասել է քաղաքապետը։

Իրադարձությանը հատուկ ոգևորությամբ է արձագանքել Պուլիայում ՀՀ պատվավոր հյուպատոս Դարիո Ռուպեն Թիմուրյանը. «Որպես հայ համայնքի անդամ՝ հպարտ եմ, որ ներդրում եմ ունեցել Հայաստանի համար այդքան կարևոր կապի ստեղծման գործում, հատկապես պատմության այս կարևոր ժամանակահատվածում։ Որպես Պուլիայի բնիկ՝ նույնքան հպարտ եմ տարածաշրջանի և «Պուլիայի օդանավակայաններ»-ի իրականացրած աշխատանքով»։ 

Պուլիայի «Aeroporti di Puglia» ընկերության նախագահ Անտոնիո Մարիա Վասիլեն հայտնել է, որ նոր երթուղին ամրապնդում է Բարիի օդանավակայանի միջազգային ցանցը և կարևոր քայլ է դեպի Արևելյան Եվրոպա ու Կովկաս կապերն ընդլայնելու ռազմավարության առումով: 

«Սա տարածաշրջանի, մասնավորապես՝ Բարիի մեծ և կենսունակ հայ համայնքի կարիքները ուշադիր լսելու արդյունք է: Պուլիայի մայրաքաղաքը աստիճանաբար ձևավորում է նոր կապեր, որոնց մինչ այժմ մեծ ուշադրություն չէր դարձվել: Դա դրական է անդրադառնում զբոսաշրջության, տնտեսության և միջազգային հարաբերությունների զարգացման վրա։ Այս նոր երթուղին նաև արժեքավոր հնարավորություն է Իտալիայի և Հայաստանի միջև զբոսաշրջային և մշակութային հոսքերը խթանելու համար՝ իտալացի ճանապարհորդներին առաջարկելով դեռևս համեմատաբար քիչ ուսումնասիրված, բայց պատմությամբ, լանդշաֆտներով և հոգևոր առումով հարուստ ուղղություն»,- նշել է Անտոնիո Մարիա Վասիլեն։

Մայիսի 7-ին WizzAir-ը հայտարարել էր Երևանում իր 34-րդ բազան բացելու և հոկտեմբերից Հայաստանից դեպի եվրոպական 6 երկրների 8 քաղաքներ նոր չվերթներ գործարկելու մասին: Դրանք ՀՀ մայրաքաղաքը կապելու են գերմանական Համբուրգի և Մեմինգենի, իտալական Նեապոլի և Բարիի, Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստի, կիպրական Պաֆոսի, ֆրանսիական Նիսի և Չեխիայի մայրաքաղաք Պրահայի հետ: Տոմսերի արժեքը սկսվում է 29.99 եվրոյից։  Ընկերությունը Երևանից թռիչքներ է իրականացնում դեպի 10 երկրների 17 քաղաքներ: