«Իննոբիզ» հասարակական կազմակերպությունը ապրիլի 10-ից մեկնարկել է «Մեկ նվիրատվություն՝ 150 ընտանիքի ապագա հայրենիքում» դրամահավաքը: Արշավի նպատակն է հավաքագրել մեկնարկային կապիտալ այն 150 արցախցի ընտանիքների համար, որոնք ստացել են բիզնես կրթություն «Իննոբիզի» «Բյուր» հարթակում և պատրաստ են սկսելու սեփական փոքրիկ գործը հայրենիքում:
Panorama.am-ի հետ զրույցում «Իննոբիզ» հասարակական կազմակերպության համահիմնադիր, մարկետինգի պատասխանատու Ինեսսա Վարդանյանը պատմեց, որ «Իննոբիզ»-ը 2021 թվականից մասնագիտացած է ապագա ձեռնարկատերերին համապարփակ բիզնես կրթություն և աջակցություն տրամադրելու ոլորտում, և 2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո Հայաստան տեղափոխված 100-ից ավելի արցախցու հետ են աշխատել, որի արդյունքում բացվել է 35 բիզնես՝ մեղվաբուծություն, գեղեցկության սրահ, ստվերների թատրոն, ուսումնական կենտրոն և այլն։
«Մենք դասերը կազմակերպում էինք առ-ցանց, սովորեցնում՝ ինչպես սկսել բիզնես, ինչպես կառավարել։ Արդյունքում գտանք հովանավոր՝ GIZ-ը, որը որպես դոնոր դրամաշնորհ տրամադրեց, բացվեց 35 բիզնես»,- ասաց Ի.Վարդանյանը։
Նա կարևորեց այն փաստը, որ արցախցիներն աշխատանքի էին տեղավորում իրենց հարազատներին՝ այդպես ապահովել նրանց համար աշխատատեղ, նաև հմտություններ փոխանցում մյուս արցախցիներին։
2023 թվականաի սեպտեմբերին արցախցիների բռնի տեղահանությունից հետո «Իննոբիզ»-ը դիմել են Վերակառուցման և Զարգացման Եվրոպական բանկին (EBRD)։ 2024 թվականին EBRD-ի հետ համատեղ գործարկվել է «Բյուր» կրթական հարթակը, որտեղ այժմ 1500+ արցախցի սովորում է, թե ինչպես սեփական գաղափարը վերածել բիզնես նախաձեռնության։
«Կրթական հարթակն առ-ցանց է, Հայաստանի ցանկացած կետից արցախցին կարող է միանալ ու անվճար սովորել։ Նրանք իրենց բիզնես մոդելն են ձևավորում, հանդիպում մեր մենթորների հետ, զարգացում իրենց ծրագրերը»,- ասաց Ի. Վարդանյանը։
Սակայն բռնի տեղահանված արցախիցներին իրենց գաղափարները, նախագծերը կյանքի կոչելու համար անհրաժեշտ է մեկնարկային կապիտալ։ Այդ նպատակով էլ «Իննոբիզ»-ը մեկնարկել է «Մեկ նվիրատվություն՝ 150 ընտանիքի ապագա հայրենիքում» դրամահավաքը:
«Դրամաշնորհները գնալով կրճատվում են։ Մենք էլ որոշեցինք չնստել ու սպասել, թե երբ կլինի դրամաշնորհ, այլ ինքնուրույն գումար հավաքել՝ ներգրավելով նաև սփյուռքահայերին, որպեսզի արցախցի մեր հայրենակիցները հնարավորություն ունենան բացել իրենց բիզնեսը ու մնալ Հայաստանում։ Նրանք բավականին լավ գյուղատնտեսներ են, մեղվաբույծներ։ Սակայն արցախիցները չեն կարողանում կամ շատ դժվարությամբ եմ աշխատանք գտնում Հայաստանում»,- ասաց Ի. Վարդանյանը։
Նա նշեց, որ արցախցիները շատ են ուզում մնալ Հայաստանում, քանի որ ևս մեկ անգամ թողել հայրենիք, պատրաստ չեն, չեն ուզում։
«Ասում են՝ մի փոքրիկ գործ լինի, կմնանք այստեղ, ինչ պետք է անենք օտարության մեջ»,- արցախցիների խոսքն է մեջբերում Ի. Վարդանյանը։