Սնկից թունավորումները հիմնականում առաջանում են սնկերը չտարբերակելու կամ դրանց ոչ ճիշտ մշակման հետևանքով: Արդյունքում՝ թունավորում, ընդհուպ մինչև մահ: Որոշ տեսակի սնկեր սննդում կարելի է օգտագործել միայն համապատասխան խոհարարական մշակումից հետո: Իսկ թունավոր սնկերը ոչ մի դեպքում չի կարելի օգտագործել, քանի որ դրանք պարունակում են այնպիսի թունավոր նյութեր, որոնք չեն ոչնչանում խոհարարական և արտադրական մշակման ժամանակ (եփել, չորացնել, սառեցնել, մարինացնել և այլն):
Սնկից թունավորումներից խուսափելու համար խորհուրդ է տրվում.
Սննդում չօգտագործել անհայտ ծագման սունկ:
Չհավաքել սունկ ճանապարհների եզրերից:
Ուտելու և թունավոր սունկը տարբերակելու համար հիմք չընդունել նկարները, քանի որ թունավոր սնկերը շատ հաճախ աճում են ուտելի սնկի մոտ և կարող են արտաքին տեսքով շատ նման լինել:
Ուտելու և թունավոր սունկը տարբերակելու համար հիմք չընդունել ժողովրդական մոտեցումները, ըստ որոնց` թունավոր սնկերին չեն մոտենում միջատները և այլ կենդանիները կամ եփելու ընթացքում արծաթը սևանում է և սևացնում է սնկային արգանակը:
Չուտել հում սունկ:
Երեխաների սննդում սունկ չներառել:
Խորհորդ չի տրվում ստամոքս-աղիքային համակարգի խնդիրներ ունեցող մարդկանց սննդում օգտագործել սունկ:
Սնկի հետ չօգտագործել ալկոհոլ, քանի որ այն ակտիվացնում է մի շարք թունավոր նյութեր:
Թարմ սունկը 1 օրից ավելի չպահել նույնիսկ սառնարանային պայմաններում:
Չզբաղվել ինքնաբուժմամբ:
Սնկից առաջացած թունավորումներն ունենում են սուր ընթացք: Առաջին նշանները կարող են ի հայտ գալ ուտելուց հետո 15 րոպեից մինչև 72 ժամի ընթացքում:
Կլինիկական հիմնական ախտանշաններն են`
որովայնի կտրուկ ցավը,
սրտխառնոցը, անընդհատ փսխումները,
գլխապտույտը, գլխացավը, գիտակցության կորուստը,
առատ քրտնարտադրությունը, թքահոսությունը, անհագ ծարավի զգացումը,
դեմքի կարմրությունը, սրտխփոցը, վախի զգացումը,
հալյուցինացիաները` առանց քնկոտության, լյարդի ախտահարման արդյունքում` մեծացած և ցավոտ լյարդը, դեղնուկը, լյարդային կոման, երիկամների ախտահարումը:
Առողջապահության նախարարությունը հիշեցնում է, որ առաջին նշանների ի հայտ գալուն պես անմիջապես պետք է դիմել բժշկի: