Ֆրանսիայի ոստիկանությունը հետաքննում է մի շարք առևանգումներ, որոնք կապված են կրիպտոարժույթի ներդրողների հետ: Վերջին դեպքում հարձակվողները կտրել են 60-ամյա տղամարդու մատը՝ նրա միլիոնատեր որդուց փրկագին պահանջելով։ Այս մասին գրում է The Guardian-ը։
Տղամարդուն առևանգել են հինգշաբթի կեսօրին՝ Փարիզի 14-րդ թաղամասում, և ստիպողաբար նստեցրել են ավտոմեքենայի մեջ: Երկու օր անց ոստիկանները նրան ազատ են արձակել Փարիզի արվարձաններից մեկում գտնվող տներից մեկից՝ ձերբակալելով 20-27 տարեկան հինգ կասկածյալների: Տուժողը, ով իր որդու հետ Մալթայում կրիպտոմարքեթինգային ընկերություն ունի, նախկինում սպառնալիքներ է ստացել: Հարձակվողները պահանջել են 5-7 միլիոն եվրո, սակայն փրկագինը չի վճարվել։
«Տուժածը կրիպտոարժույթով հարստություն վաստակած տղամարդու հայրն է։ Հանցագործությունը կապված է փրկագնի պահանջի հետ», - հայտնել են դատախազությունից։