Foto

Հնդկաստանը սկսել է դադարեցնել Պակիստանին ջրի մատակարարումը Ջամու և Քաշմիրի ամբարտակով

Հնդկաստանը դադարեցրել է Պակիստանին ջրի մատակարարումը Բագլիհար ամբարտակով, որը գտնվում է Ջամու և Քաշմիրի նահանգի Չենաբ գետի վրա: Այս մասին հաղորդում է Hindustan Times-ը։


«Մենք փակել ենք Բագլիհարում հիդրոտեխնիկական կառույցի ջրարգելակները։ Մենք մաքրել ենք ջրամբարը տիղմից, և այն պետք է նորից լցվի։ Գործընթացն սկսվել է շաբաթ օրը», – հրատարակությանը հայտնել է NHPC պետական հիդրոէներգետիկ ընկերության պաշտոնյան, որի անունը չի նշվում։

Պարբերականի տվյալներով՝ մեկ շաբաթ տևած քննարկումներից և հիդրոլոգիական փորձաքննություններ անցկացնելուց հետո ամբարտակի ղեկավարությունը նման քայլերի է գնացել՝ Պակիստան հասնող ջրի հոսքը կրճատելով 90%-ով։ Հնդկական կողմի գործողություններին մայիսի 2-ին նախորդել էր Պակիստանի կողմից Abdali բալիստիկ հրթիռի փորձնական արձակումը։

Բացի այդ, Հնդկաստանի իշխանությունները նմանատիպ քայլեր են պլանավորում նաև Ջամու և Քաշմիրի Կիշանգանգա ամբարտակում, որը գտնվում է Հիմալայների հյուսիս-արևմուտքում: Շուտով օբյեկտում պատրաստվում են իրականացնել լայնածավալ տեխնիկական աշխատանքներ, որոնց ընթացքում կդադարեցվի Կիշանգանգա գետից ներքև հոսող ջրամատակարարումը։


«Մենք պատրաստ ենք Պակիստանի դեմ խիստ պատժիչ գործողությունների, և NHPC-ի մոտավորապես 50 ինժեներ արդեն Ջամու և Քաշմիրում են գտնվում՝ վերահսկելու համապատասխան գործողությունները», – հրատարակությանն ասել է ընկերության մեկ այլ աշխատակից։



Ապրիլի 22-ին Հնդկաստանի հյուսիսում գտնվող Պահալգամ քաղաքում մի խումբ զինյալներ կրակ են բացել զբոսաշրջիկների վրա։ Հարձակման հետևանքով զոհվել է 26 մարդ։ Սա հանգեցրել է Հնդկաստանի և Պակիստանի միջև հարաբերությունների կտրուկ սրման։ 

Մասնավորապես, Հնդկաստանի իշխանությունները կասեցրել են Ինդոսի ջրերի մասին պայմանագիրը, որը կարգավորում է մի շարք գետերի օգտագործումը երկու երկրների կողմից։ Դրանից հետո տեղեկություններ են հաղորդվել փոխհրաձգությունների մասին:

168.am