Դեռևս մարտի 6-ին կառավարությունն ընդունել է անհուսալի վարկեր ունեցողների տնտեսական ակտիվության խթանման ծրագիրը։ Աջակցությունը կտրվի այն վարկառու ֆիզիկական անձանց, որոնց բոլոր վարկերը 3 և ավելի տարի դասակարգված են անհուսալի, և, միևնույն ժամանակ, մայր գումարի գծով պարտավորությունը չի գերազանցում 1 մլն դրամը կամ դրան համարժեք արտարժույթը։
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կենսաթոշակային ապահովության և այլ դրամական վճարումների վարչության, ընտանիքներին տրվող նպաստների բաժնի պետ Արմեն Մարգարյանը Tert.am-ի հետ զրույցում մանրամասներ է հայտնել, թե ովքեր կարող են լինել ծրագրի շահառուները և ինչպես կարող են դիմել ծրագրին:
«Ծրագրի նպատակն է` աջակցել աշխատաշուկայից դուրս մնացածներին կամ մասնակի ֆորմալ զբաղվածություն ունեցողներին, որոնք ունեն անհուսալի վարկեր, դասակարգված վարկային պարտավորություններ՝ վերականգնելու իրենց տնտեսական ակտիվությունը աշխատանքի տեղավորվելու միջոցով։
Սա նշանակում է, որ կառավարությունը հնարավորություններ է ստեղծում այդ անհուսալի վարկեր ունեցողներին՝ իրենց աշխատանքից գանձվող գումարի չափը սահմանափակել ինչ-որ առումով և հնարավորինս օգնել այդ տուրք-տուգանքները վերականգնելու: Սա հնարավորություն է` չձևակերպվածից աշխատողին բերել ձևակերպված դաշտ, գանձի համապատասխան, հարկել տուրքեր և դրանք ուղղի այդ իր վարկերի փակմանը»,- պարզաբանեց նա:
Հարցին՝ ովքե՞ր են ծրագրի շահառուները, նա ասաց՝ ՀՀ քաղաքացիները, ժամանակավոր պաշտպանության տակ գտնվող անձինք՝ վարկառուները, որոնք ունեն ավելի քան երեք տարի վաղեմության անհուսալի վարկ ձևակերպումը, և նրանց վարկերի մայր գումարը չի գերազանցում 1 մլն դրամը:
Ճշտող հարցին՝ ո՞վքեր են ժամանակավոր պաշտպանության տակ գտնվող անձինք, Մարգարյանն ասաց. «Դիտարկենք այսպես՝ Արցախից եկած մեր հայրենակիցները, որոնք այստեղ ունեն ինչ-որ վարկեր, բայց դեռ քաղաքացի չեն հանդիսանում: Օտարերկրյա քաղաքացիները, օրինակ, չեն կարող ծրագրից օգտվել»:
Նրա խոսքով՝ այսինքն, այս ծրագրից իրավունք ունեն օգտվելու ՀՀ քաղաքացիները կամ ՀՀ-ում ժամանակավոր պաշտպանության կարգավիճակ ունեցող անձինք, որոնք էլ իրենց հերթին ունեն երեք տարի և ավելի վաղեմության ժամկետ ունեցող անհուսալի վարկ, որի մայր գումարը չի գերազանցում մեկ միլիոն դրամը։ Նա հստակեցրեց, որ նշվածներից էլ այն անձինք, որոնք ՊԵԿ-ի տեղեկատվությամբ համարվում են աշխատող՝ այսինքն, եկամտային հարկի, շահութահարկի և սոցիալական վճարումների անձնավորված հաշվառման համակարգում առկա են նրանց մասին տեղեկատվություն. այսինքն, նրանք աշխատում են և մուծում այլ իրավական ակտով սահմանված հարկեր:
Մարգարյանը նշեց, որ քաղաքացու հաշվառման համար երկու ձև գոյություն ունի:
«Առաջինը, նա հաշվառում է իր տանից նստած՝ համակարգչի, հեռախոսի միջոցով՝ համապատասխան դաշտ մտնելով, նույնականացվելով «Ես եմ» ծրագրով, որ հստակ ծրագիրը հասկանա որ ինքն է: Ընդամենը մտնելով այդտեղ՝ գրանցվում է և տալիս է այն հարցերի պատասխանը, որն առաջարկումէ ծրագիրը: Պատասխանը ստանում է վայրկյանների ընթացքում, իսկ եթե չի համապատասխանում, մերժվում է, ապա մերժման դեպքում համապատասխան պատճառներն է ասում:
Երկրորդ տարբերակը՝ ցանկացածը, որը կարծում է, թե շահառու է, դիմում է միասնական սոցիալական ծառայության ցանկացած մասնաճյուղ, անձը հաստատող փաստաթղթով մոտենում է ցանկացած մասնագետի, նրանք էլ լրացնում տվյալները : Նորից նույն կերպ՝ մի քանի վայրկյանի ընթացքում ստանում է պատասխան՝ ծրագրից օգտվելո՞ւ է, թե՝ ոչ, և եթե չի օգտվելու, ի՞նչն է պատճառը»,- ասաց նա:
Թե այս պահի դրությամբ որքան են դիմումատուների քանակը, Մարգարյանը նշեց, որ տվյալները չունի ձեռքի տակ: «Այս պահին չեմ կարող ասել, բայց, բնականաբար, կան արդեն: Մենք արդեն երկրորդ ամիսն ենք վճարում, փետրվարինը վճարել ենք մարտին, մարտի վճարումը սկսել ենք ապրիլ ամսվա վերջերից: Հիմա այս պահին ուղղակի վիճակագրական որևէ տվյալ չկա մոտս, բայց, բնականաբար, մի քանի հազար մարդ արդեն իսկ դիմել է, արդեն իսկ շուրջ 150-200 միլիոնի կարգի գումար արդեն վճարվել է կամ վճարվում է»,- ասաց նա: