Foto

Գազայում Իսրայելի ավիահարվածների հետևանքով 45 մարդ է զոհվել

Գազայի հատվածի բժշկական աղբյուրները հայտնել են, որ ապրիլի 18-ի լուսադեմից ի վեր Իսրայելի ավիահարվածների հետևանքով 45 մարդ է զոհվել անկլավում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Al Jazeera-ն։

Գազայի քաղաքացիական պաշտպանության ծառայությունն ահազանգում է վառելիքի պակասի մասին՝ նշելով, որ մի քանի օրվա ընթացքում հնարավոր չի լինի օգտագործել մեքենաներ և արձագանքել մարդասիրական կարիքներին, եթե վառելիքի ներկրման արգելքը շարունակվի։

Գազայի Ալ-Աքսայի նահատակների հիվանդանոցի խոսնակն իր հերթին հայտնել է պաղեստինյան անկլավում դեղերի խիստ պակասի մասին՝ նշելով, որ 200 000 քրոնիկ հիվանդություններով մարդկանց կյանքին վտանգ է սպառնում:

Գազայի կառավարության լրատվական գրասենյակը տեղեկացրել է, որ 39 400 երեխա երկկողմանի կամ միակողմանի ծնողազուրկ է, իսկ ավելի քան 14 500 կանայք կորցրել են իրենց ամուսիններին պատերազմի ընթացքում:

Իսրայելը շարունակում է Գազայի հատվածում 2023 թվականի հոկտեմբերի 7-ից մեկնարկած ռազմական գործողությունները։ Գազայի առողջապահության նախարարության տեղեկություններով՝ շուրջ 51 100 պաղեստինցի է զոհվել Գազայի դեմ Իսրայելի պատերազմի հետևանքով, վիրավորվել է գրեթե 117 000-ը:

Իսրայելը Գազայի հատվածում ռազմական գործողություններ էր սկսել՝ ի պատասխան պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման զինյալների ներխուժման, որի հետևանքով զոհվել էր գրեթե 1200 մարդ, գերեվարվել՝ շուրջ 250 մարդ։