Foto

Մանր-մունր հարցերով զբաղվելու ժամանակը չէ. Միքայել Սրբազանը մասնակցում է Վարդան Ղուկասյանի ինագուրացիային

Եթե անկեղծ լինեմ՝ քաղաքապետին շնորհավերելու բան չկա, քաղաքապետին, ոչ թե մեզ։ Շատերիս վրայից հոգսը ընկավ, այն բարձեցինք իր ուսերին։ 
Այն լուծը, որ Վարդան Ղուկասյանը քաշելու է, շատ ծանր է և պարտավորեցնող: Այս մասին Գյումրիի  նորընտիր քաղաքապետի երդմնակալության արարողության ժամանակ ասաց Շիրակի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը:

«Ես 20 տարի է չեմ մասնակցել քաղաքապետի երդմնակալության արարողությանը, վերջին անգամ մասնակցել եմ 2005թ-ին: Չեմ մասնակցել հասկանալի պատճառներով, այդ պատճառներից մեկն էլ իմ մոտեցումներն էին, որոնք ես դրել եմ քաղաքապետարանի առջև և քաղաքապետերը իմ մոտեցումները հարգել են։ Այս անգամ ես, ոչ մի մոտեցում չեմ ցուցաբերել, որովհետև հայրենիքի այս պայմաններում գտնվելու իրավիճակում՝ բարոյական չեմ համարել թեմի առաջանորդի կողմից որևէ պայման առաջ քաշելու։   

Երբ ինձ հրավիրել են մասնակցել այս երդմնակալության արարողությանը, ոչ մի պայման չեմ քաշել և ասել եմ կգամ, որովհետեւ այս վիճակում մանր-մունր հարցերով զբաղվելու ժամանակը չէ, թե ով է ավելի կարևոր այս քաղաքում, այդ հարցի ժամանակը չէ: Շիրակի թեմի առաջնորդն իր տեղում է կարևոր, քաղաքապետն՝ իր տեղում: Մենք պատրաստ ենք լինելու այնտեղ, որտեղ մեր անհրաժեշտությունը պետք է։ Այդ հարցերը քննարկելու ոչ ժամանակ է ոչ էլ դրա անհրաժեշտությունը կա։ Մենք պատրաստ ենք լինելու այնտեղ, որտեղ մեր անհրաժեշտությունը կա։ Եթե քաղաքային իշխանությունը գտնում է, որ մեր ներկայությունն այստեղ է կարևոր այստեղ՝ մենք այստեղ ենք»,- ասաց Շիրակի թեմի առաջնորդը:

Միքայել Սրբազանի խոսքով՝ ինքը կարող էր պատճառաբանել, որ Ավագ շաբաթ է և չմասնակցեր հրապարակային միջոցառման, սակայն, հատուկ իրավիճակ է և ավելի լավ է ներկայության մասին խոսեն, ոչ թե բացակայության։ 

«Ես ոչ միայն Էս քաղաքի, այլ էս թաղի մարդ եմ։ Մեզ՝ պարոն քաղաքապետի հետ միավորում է էս քաղաքապետի նկատմամբ սերը և նվիրավածությունը։ Այսուհետ էլ, տարբեր հարցերում մնալու ենք տարբեր, թող չմտածի, որ տարբեր հարցեր մի կողմ ենք դնելու, ոչ ինքն է դնող, ոչ ես»,-ասաց Սրբազանը:

Վարդան Ղուկասյանն էլ արձագանքեց. «լավ, լավ բաեր ասա»։ Սրբազանն էլ արձագանքեց. «Լավն այն է, որ մենք օրինակ ենք տալիս յուրաքանչյուրին, որ լինելով տարբեր շատ հարցերում՝ կարողանում ենք շատ հարցերում համագործակցել»,-ասաց Սրբազանը։