Foto

Իրենց առաջնորդն ասում էր՝ ասֆալտ եք անում, որովհետև էդտեղ ատկա՞տ կա, էսօր իրենք միայն դա են անում, ընդ որում՝ ասֆալտի վրա են ասֆալտ անում. Ղուկասյան

Ես գիտակցաբար մտել եմ այս ծանր լծի տակ: Եթե մարդկային խելքով մտածում ես՝ էս հասակի մարդն իրավունք չուներ նորից գար՝ մտներ էս ծանր լծի տակ՝ 13 տարի աշխատելուց հետո։ Այս մասին երդմնակալության արարողությունից հետո ասաց Գյումրիի նորընտիր քաղաքապետ Վարդան Ղուկասյանը։


«Ես 13 տարի աշխատել եմ ու այն զրկանքները, որ եղել է իմ նկատմամբ, ու մեր տղաների նկատմամբ, երբ ճանապարհին ավազակները թափվեցին մեր վրա ու մահափորձ կազմակերպեցին՝ դրանից հետո ես պետք է չցանկանայի նորից մտնել այս լծի տակ։ Ամոթ այսօրվա ու նախկին ղակավարությանը, որ մինչև այսօր էդ գործը բացահայտված չէ։ 

Իմ նկատմամբ նաև էսքան գործեր են հարուցել, իրենցից դուրս հնարել են, բայց ես նորից առաջադրել եմ իմ թեկնածությունը, ու էդքանից հետո մտել եմ էս լծի տակ։ Հավանաբար սա եզան լուծն է»,-ասաց Ղուկասյանը՝ ներկայացնելով իր ծրագրերը։ 

Նա նշեց, որ առաջինը աշխատատեղերի ստեղծումն է։ «37 տարի լսում ենք, որ ամենաաղքատ խավն ապրում է Շիրակի դաշտավայրում ու որևէ լուրջ մոտեցում՝ աշխատատեղերի ստեղծման՝ չեմ տեսել։ 12 մլրդ վերցրել են, բայց 12 աշխատատեղ չեն ստեղծել: Նման խնդիր իշխող ուժի թեկնածուն իր առաջ չէր էլ դրել, ծրագրում չտեսա, միայն տեսա ասֆալտապատում, իսկ այն ժամանակ իրենց առաջնորդն անսում էր՝ ասֆալտ եք անում, որովհետև ասֆալտի մեջ ատկա՞տ կա, էսօր իրենք միայն ասֆալտ են անում, ընդ որում՝ ասֆալտի վրա են ասֆալտ է անում, սարսափելի է։ 
 Երկրորդը բնակարանների խնդիրն է, 37 տարի մարդիկ տնակներում են ապրում, երկրաշարժից հետո Հայաստան եկած օգնությամբ կարելի էր երկու Հայաստան կառուցել: 

Գործարանների մեքենա-սարքավերումները ամբողջը վաճառեցին Թուրքիա, Իրան, իսկ գործարանները անտերուդուրս մնացել են։ 
Երբ 1999 թ-ին դարձա քաղաքապետ, մարդիկ ասում էին՝ գնանք հերանցս տուն, քաղաքապետարանը դարձավ ժողովրդի «հերանցը տունը», իսկ մեզանից հետո մարդիկ քաղաքապետարանի կողքով անցնելիս անեծք էին անում»,- ասաց Վարդան Ղուկասյանը: