Foto

Աշխարհում գինու արտադրությունը նվազել է՝ 1961 թվականից ի վեր հասնելով ամենացածր մակարդակի

Աշխարհում գինու սպառման և արտադրության ծավալները 2024 թվականին նվազել են և հասել ամենացածր մակարդակի ավելի քան 60 տարվա ընթացքում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ համապատասխան մամուլի հաղորդագրությունը հրապարակել է Խաղողագործության և գինեգործության միջազգային կազմակերպությունը (OIV): 

Կազմակերպության տվյալների համաձայն՝ 2024 թվականին գինու համաշխարհային սպառումը գնահատվել է 214 միլիոն հեկտոլիտր, ինչը 3,3 տոկոսով պակաս է 2023 թվականի մակարդակից։ 

Խաղողագործության և գինեգործության միջազգային կազմակերպությունը կարծում է, որ գինու սպառման անկումը կապված է տնտեսական և աշխարհաքաղաքական գործոնների, ինչպես նաև մարդկանց սոցիալական սովորույթների, նախասիրությունների փոփոխության հետ։

Բացի այդ, 2024 թվականին գինու արտադրությունը 2023 թվականի համեմատությամբ նվազել է 5%-ով և կազմել 226 մլն հեկտոլիտր։ 

«Սա հիմնական պայմանավորված է անկանխատեսելի և ծայրահեղ եղանակային պայմաններով ինչպես հյուսիսային, այնպես էլ հարավային կիսագնդերում, որի պատճառը կլիմայի փոփոխությունն է», - նշված է հաղորդագրության մեջ։

Հաղորդվում է նաև, որ 2024 թվականին աշխարհում խաղողի այգիների տարածքը նվազել է արդեն չորրորդ տարին անընդմեջ և կազմել 7,1 միլիոն հեկտար։