Երկարատև նստած դիրքը, հատկապես բջջային հեռախոսների և համակարգչի օգտագործման ժամանակ, զգալիորեն մեծացնում է պարանոցի ցավի առաջացման ռիսկը։ Սա ցույց է տվել ավելի քան 43 հազար մարդու մասնակցությամբ մետա-վերլուծությունը, որոնց տվյալները հավաքագրվել են 13 երկրների 25 ուսումնասիրություններում։
Աշխատանքի արդյունքների մասին հրապարակում է արվել «BMC Public Health» ամսագրում։
Նույնիսկ օրական 4 ժամ նստելը 60 տոկոսով մեծացնում է պարանոցի ցավի առաջացման ռիսկը, իսկ 6 ժամից ավելի՝ գրեթե 90 տոկոսով։ Կանայք և գրասենյակային աշխատողները համարվել են ամենախոցելի խմբերը։
Էկրանի առջև կատարվող գործողությունների շարքում ամենաառանցքային ռիսկի գործոնը բջջային հեռախոսի օգտագործումն է եղել (82 տոկոսով մեծացնում էր ցավի ռիսկը): Համակարգիչները նույնպես զգալի ազդեցություն են ունեցել, մինչդեռ հեռուստացույց դիտելու և պարանոցի ցավի միջև կապը վիճակագրորեն աննշան է եղել։
Արդյունաբերական աշխատողների մոտ նստած դիրքի ազդեցությունը ցավի զարգացման վրա ավելի ուժեղ է եղել, քան ուսանողների մոտ։ Հետազոտողները սա բացատրում են աշխատանքային միջավայրում աշխատանքային ծանրաբեռնվածության ավելի երկարատև և ավելի կանոնավոր բնույթով։
Հեղինակները ընդգծել են կանխարգելման կարևորությունը. կանոնավոր շարժումները, կեցվածքի փոփոխությունները, աշխատանքային տարածքի էրգոնոմիկ կազմակերպումը և էկրանների առջև անցկացրած ժամանակի սահմանափակումը կարող են զգալիորեն նվազեցնել քրոնիկ պարանոցի ցավի ռիսկն ու բարելավել ընդհանուր բարեկեցությունը։